ՀԱՐՑ. Ես ունեմ «Mersedes ML-500»: Գույքահարկի համար նախկինում վճարում էի 175.000 դրամ, երբ մեքենայի արժեքը 45.000 դոլար էր: Հիմա, երբ մեքենայի գինը մոտ 7-8000 դոլար է, գույքահարկի համար վճարում եմ նորից նույնքան` 175.000 դրամ: Նշեմ, որ մեքենան վնասված է, կա գազաբալոն, շարժիչի ծավալը մեծ չէ: Ստացվում է, որ մեքենայի գինը պակասել է, բայց գույքահարկը` ոչ: Խնդրում եմ պարզաբանել:
Զարեն Տալյան
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի` փոխադրամիջոցների հարկման բազա է համարվում հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ կամ կիլովատ): Փոխադրամիջոցի վրա մեկից ավելի քաշող շարժիչների առկայության դեպքում գույքահարկով հարկման բազա է համարվում բոլոր քաշող շարժիչների գումարային հզորությունը:
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի`
Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետեւյալ տարեկան դրույքաչափերով`
1.մինչեւ 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`
1-ից 120 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ,
121-ից 250 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 300 դրամ, ինչպես նաեւ 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ,
251 եւ ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 500 դրամ, ինչպես նաեւ 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ.
2. 10 եւ ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների եւ բեռնատար (բեռնաուղեւորատար) ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`
1-ից 200 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 100 դրամ,
201 եւ ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բեռնատար (բեռնաուղեւորատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների վաղեմության ժամկետի 20-րդ տարին լրանալուց հետո տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար գույքահարկ չի հաշվարկվում եւ չի վճարվում: