Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ այն իրավունքների շրջանակում, որոնք տրված են իրեն սահմանադրորեն, թույլ չի տալու, որ երկրի հետաքրքրությունները ճիշտ հաշվի չառնվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է Բելառուսի Համազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության եվրասիական ուղղության մասին՝ նախագահը նշել է. «Մեզ համար եվրասիական տարածաշրջանը բարեկամական տարածաշրջան է, այստեղ այն երկրներն են, որոնք բացարձակ բարեկամական ու եղբայրական են մեր նկատմամբ: Բացի այդ, դա նաև Հայաստանի համար հսկայական շուկա է, հետևաբար մեր մասնակցությունը եվրասիական տարածքում ելնում է մեր արմատական հետաքրքրություններից, այլ ոչ թե որովհետև ինչ-որ մեկը մեզ որևէ տեղ է հրում: Կարծում եմ՝ ով էլ ի վերջո լինի կառավարությունում, ես անձամբ որևէ պարագայում, այն իրավունքների շրջանակում, որոնք տրված են ինձ սահմանադրորեն, թույլ չեմ տա, որ մեր երկրի հետաքրքրությունները ճիշտ հաշվի չառնվեն»:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ՀՀ նախագահն ընդգծել է, որ դա միայն Հայաստանի խնդիրը չէ, այն նաև Արցախի ժողովրդինն է ու Ադրբեջանինը: «Ես կոչ կանեի բոլորին, որ Հայաստանում այս դժվարին պահին, որից աշխարհում ոչ ոք երաշխավորված չէ, ցուցաբերել զսպվածություն, որպեսզի չլինեն սադրանքներ: Տա Աստված, որ խաղաղ բանակցային գործընթացի արդյունքում մենք ի վերջո հասնենք խնդրի հանգուցալուծմանը»,- ընդգծել է նա: