Նոր մանրամասներ կեղծ ավտովթարներ կազմակերպելու գործով․ ովքեր են հայտնվել մեղադրյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել կեղծ ավտովթարներ կազմակերպելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով: Բանն այն է, որ կալանավորվածների թիվը ավելացել է: 2018 թվականի փետրվարի 6-ին գրել էինք, որ ԱԱԾ-ն բացահայտել է, որ մի շարք անձինք կեղծ ավտովթարներ են կազմակերպել, որպեսզի այդկերպ ապահովագրական ընկերություններից որպես փոխհատուցում մեծ գումարներ կորզեն:
Գործով մեղադրվող անձինք 2016-2017թթ. ընթացքում Երեւանում կազմակերպել են թվով 15 կեղծ վթարներ, ինչի արդյունքում 2016 թվականի դեկտեմբեր ամսից մինչեւ 2017 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ, «Ինգո Արմենիա» ԱՓԲ եւ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերություններից, որպես վթարի համար ապահովագրական հատուցում, խաբեությամբ հափշտակել էին շուրջ 23 մլն ՀՀ դրամ գումար եւ 8 մլն ՀՀ դրամի հափշտակության փորձ են կատարել:

Ավելին` ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում, պատասխանելով այս գործին առնչվող հարցին, տեղեկացրել էր, որ քրեական գործով մեղադրվում է 4 անձ, այդ թվում` ՀՀ ճանապարհային ոստիկանության 1 աշխատակից, որը իմանալով վթարների կեղծ լինելու մասին` ինչպես անձամբ, այնպես էլ իր գործընկերների միջոցով մասնակցություն է ունեցել վթարների փաստի արձանագրմանը:
Պարզվել էր, որ հանցագործության կազմակերպիչների կողմից կեղծ վթարներին որպես վարորդներ ներգրավվել են շուրջ 30 անձինք, որոնց մի մասը շահադիտական նպատակներով, մյուս մասը շահ չհետապնդելով եւ չկարեւորելով իրենց արարքի հետեւանքները` համաձայնել են մասնակցել խաբեությանը

Սակայն նկատենք, որ գործով նոր հանգամանք է ի հայտ եկել, մասնավորապես կալանավորների թիվն է ավելացել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործով կա կալանավորված 3 անձ: Ավելին` մեզ հայտնի է դարձել, թե ովքեր են հայտնվել մեղադրյալի աթոռին, վերջիններս են` Արամ Գալստյանը, Մկրտիչ Դեչոկյանը, Ռաֆայել Մկրտչյանը, Շավարշ Մուրաջյան, Հայկ Իշխանյանը, Հայկ Շահինյան եւ Նիկոլայ Ավալյանը: Նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ ահա մյուս 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին:

Քնար Մանուկյան




Լրահոս