ՄԱՐԶՊԵՏ, ՈՐԸ ԵՐԲԵՎԷ ՉԻ ՊԱՏԺՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցության  փառապանծ անդամ Սուրեն Խաչատրյան, մականունը` Լիսկա: Նրան  ճանաչողները պնդում  են, որ այդ մականունը կապված է վերջինիս` խմիչքի հանդեպ անթաքույց սիրո հետ, իսկ նրա «գործերին» լավատեղյակները  ենթադրում են, թե  մականունը նա ստացել է աղվեսի  բնավորություն ունենալու   պատճառով:Այս պետական պաշտոնյան եւ նախկին օրենսդիրը հանրությանը  քաջածանոթ է  բազմաթիվ քրեական արարքներով, իսկ որ  ամենահատկանշականն է,  այդ արարքները  մարսելու  զարմանալի ունակությամբ: Ի դեպ, վերջինիս ընտանիքի անդամները եւս պակաս  հայտնի չեն իրենց կատարած քրեական «քաջագործություններով» եւ դրանց համար անպատիժ մնալով: Ո՞վ է, ի վերջո,  Սուրեն Խաչատրյանը` անպատժելի ու ամենահաղթ այդ պետական պաշտոնյան: 1956թ. ծնվելով Գորիս քաղաքում` ուշադրություն` 35 տարեկան հասակում նոր միայն ընդունվել  է  Գորիսի «Սյունիք» ինստիտուտի «Արտադրության էկոնոմիկա եւ կառավարում» ֆակուլտետը եւ  ստացել տնտեսագետ-մենեջերի մասնագիտություն: Նրա կենսագրությունում նշված չէ`  հեռակա, թե ստացիոնար ուսուցում է  ստացել, բայց նշված է, որ 1992-1994 թվականներին եղել է Գորիսի կամավորական թիվ 3-րդ գումարտակի հրամանատարը, փաստորեն, ուսմանը զուգընթաց: Եթե արցախյան պատերազմի տարիները շատ ընտանիքների համար եղան կորստաբեր, ապա Լիսկայի համար դրանք եղան բախտի աստիճաններով բարձրանալու հնարավորությունների տարիներ: 1974-1976թթ., ապա` 1976-1988թթ. (կրկին ուշադրություն` 14 տարի) Գորիսի ավտոնորոգման գործարանում որպես մեխանիկ աշխատած մարդը ոչ այս, ոչ այն, 1996 թ. միանգամից դառնում է Գորիսի քաղխորհրդի նախագահի առաջին տեղակալ եւ այնուհետ վերընթաց պրոգրեսիայով  սկսում ավելի բարձր պաշտոններ զբաղեցնել: 1996 թ. նա արդեն Գորիսի քաղխորհրդի  գործկոմի նախագահն էր:  Իսկ երբ գործկոմները  կազմաքանդվեցին, գումարելիների տեղափոխությունից ոչինչ չփոխվեց.  1996-1999 թթ.  Լիսկան  դարձավ Գորիսի քաղաքապետ, այնուհետեւ  ընտրվեց Ազգային Ժողովի պատգամավոր: Այստեղ նրան օգնության հասան բնատուր հոտառությունը եւ տնտեսագետ-մենեջերի «մասնագիտական հմտությունները»: 1999թ. Խաչատրյանը նայեց հեռուն եւ հասկացավ, որ իրեն անհրաժեշտ է  ավելի «էլիտար»  կրթություն, եւ 44 տարեկանում ընդունվեց Պետական կառավարման ակադեմիայի «Պետական  կառավարում եւ տեղական ինքնակառավարում» ֆակուլտետը: 2004 թ. մարտի 25-ին նա նշանակվեց Սյունիքի մարզպետ: Ու եթե մինչ  այդ Լիսկայի անօրինական գործողությունները հայրենի քաղաքի շրջանակներում էին, ապա այսուհետ նա  հնարավորություն ստացավ  «գործել» արդեն մարզի մասշտաբով: Նրա հարազատներն էլ, զգալով իրենց ամենազորեղ «տանիքի» ներքո, շարունակեցին իրենց ամենաթողությունը:Օրինակ` նրա եղբորորդիներից մեկը` Մայիս Խաչատրյանը եւ նրա  հորեղբոր տղան` Լիսկայի մյուս եղբորորդին, դանակի 12 հարվածով սպանեցին Գորիսի բնակիչ, 2 անչափահաս երեխաների հայր 34-ամյա  Հովհաննես Բադալյանին, որը, մթության մեջ չնկատելով, պատահաբար դիպել էր Մայիս Խաչատրյանի թեւին: Ու թեեւ Լիսկայի եղբորորդուն  դատապարտեցին 12 տարվա ազատազրկման, սակայն որոշ ժամանակ անց վաղաժամկետ ազատ արձակեցին: Այստեղ ավելորդ չէ հիշեցնել,  որ  մարտի 1-ի  գործով փաստահավաք խումբն  արձանագրել էր, որ Մայիս Խաչատրյանը լուրջ դերակատարում էր ունեցել մարտիմեկյան  դեպքերի ժամանակ. վերջինիս թիկնապահները եղել էին ժողովրդի վրա կրակողների թվում:Անդրադառնալով սպանությանը` նշենք, որ Մայիս Խաչատրյանը վաղաժամկետ ազատ էր արձակվել, մինչդեռ  ՀՀ իրավակիրառական պրակտիկայում դիտավորյալ սպանության համար դատապարտվածներին պայմանական վաղաժամկետ ազատ չեն արձակում: Բայց դա  հասարակ քաղաքացիների դեպքում: ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆշարունակելի




Լրահոս