ԾԱՂԻԿՆԵՐՍ Ո՞ՒՄ ՆՎԻՐԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի փողոցներից անպակաս էին ծաղկավաճառները, որոնք կանանց տոնի` մարտի 8-ի կապակցությամբ ծաղիկներ էին առաջարկում անցորդներին` ամեն մեկն իր  «թվով ու գնացուցակով»:«ժողովուդ»-ը շրջեց Երեւանի կենտրոնում` Շրջանային,   Խանջյան, Ամիրյան, ՀՀ հրապարակ, «Ռոսիա» եւ այլուր`  պարզելու, թե առեւտրականների «ծաղիկները» գնորդներ ունեցե՞լ են: Շրջայցի ընթացքում տեսանք վախեցած դեմքերով, ձայնագրիչից եւ ֆոտոխցիկից խուսափող առեւտրականների: Այդ ամենին հավելվում էին մտահոգ տղամարդկանց դեմքերը, որոնք  բողոքում էին ծաղիկների «թվերից», սակայն ճարահատյալ գումար չէին խնայում իրենց սիրելիներին ուրախացնելու համար: Որքան էլ որ անձրեւը փորձում էր խոչընդոտ հանդիսանալ առեւտրականների համար,  միեւնույն է, նրանք կարողանում էին որոշ չափով իրականացնել իրենց «առ ու տուրը»: Երբ մոտենում էինք փողոցի առեւտրականներին, նրանք անընդհատ այս ու այն կողմ էին նայում, որպեսզի ոստիկանների «գլուխը» տեսնելու դեպքում կարողանան միջոցներ ձեռնարկել նրանց աչքից խուսափելու համար. «Դե եկել, ասել են` մի՛ նստեք ստեղ, իմն էլ մեծ փնջեր չեն, ասեցի հա՛, գնում եմ, վերցրի ձեռքս ու ձեռքիս վրա եմ ծախում, որ չգան, խոսան: Ախր, ա՛յ բալա ջան, իրանք պիտի հասկանան, որ ժողովրդի վիճակը լավ չի, մենք էլ գիտենք, որ էսօր ծաղիկ կարանք ծախենք, դուրս ենք եկել էրկու կոպեկ աշխատելու համար»,-ասաց ծաղակավաճառ Արեգնազը: Առեւտրականներն ուղղակի  սարսափած էին վերջին դեպքերից, երբ ՀՀ կառավարության շենքի ու Երեւանի քաղաքապետարանի դիմաց ոստիկանները բռնություն կիրառեցին բողոքող առեւտրականների ու նրանց պաշտպանող ԱԺ պատգամավորների նկատմամբ.  «Բա եթե դեպուտատներին են արդեն քաշքշում, ծեծի փորձեր անում, կանանց հայհոյում, բա մեզ` հասարակ ժողովրդին,  ի՞նչ կանեն, պարզ չի՞: Բայց ո՞վ իրավունք ունի մի բառ ասի,  տեղում հարցերդ կլուծեն: Չեն մտածում, որ մարդը էս տոն օրով դուրս ա եկել, որ մի բան ծախի, տանի տուն, էրեխեքին պահի, մենակ թափով ձենդ են կտրում»,-վրդովված ասած 55-ամյա Վարդգեսը:  Առեւտրակաները եկել էին տարբեր մարզերից`  հուսալով, որ գոնե տոն օրով կկարողանան իրենց ապրանքը լավ գնով վաճառել: Ծաղկավաճառները «Ժողովուրդ»-ին բողոքեցին գնորդների սակավությունից. «Առնողները էս տարի շատ քիչ են, էն տարիներին գայիք, հիմա մարդիկ հացի փող չունեն, ուր մնաց փող տան, ծաղիկ առնեն: Դե,  մենակ ջահելներն են էլի մի բան առնում»: Ըստ ծաղկավաճառների` ծաղիկները թանկ չեն. «Մենք գիտենք մեր ժողովուրդը ինչ վիճակում ա ապրում, ո՞նց կարանք թանկ ծախենք, կամ որ թանկ դնենք, ո՞վ կառնի»,-ասաց տիկին Անահիտը: «Ժողովուրդ»-ը ճշտեց նաեւ ծաղիկների գները: Տարբեր վաճառողների մոտ տարբեր գներ էին. «Բուկետները սկսվում ա 3500-ից, դրանից բարձր էլ կա, կա 5000 դրամանոց, կա 12.000 դրամանոց, դե տենց բարձրանում ա էլի, երկար բոյ ունեցող վարդերը հատը 1500-2500 դրամ ա, մանուշակը արժի 250-300, կակաչները` 300 դրամ, իսկ դեղին կակաչները` 500 դրամ, մեխակները` 150 դրամ»,-տեղեկացրեց 48-ամյա ծաղկավաճառ Մարիամը: Սակայն մեկ այլ վաճառողի մոտ այդ նույն ծաղիկներն  այլ գին ունեին: Ժամը 18:00-ից հետո առեւտրականները հույս չունեին, որ կկարողանան գոնե վաճառել այն, ինչ բերել էին. «Չէ հա, էլ ո՞վ ա առնելու: Էս էր` ինչ ծախեցինք, ծախեցինք, արդեն մութը տալիս ա, էս էր,  ով ինչ կարացավ, ծախեց, ինչն էլ չէ, մնում ա մեր վզին: Էսքան չարչարվել, եկել-հասել ենք ըստեղ, մեկը չի ուզում մեր դրության մեջ մտնի, մենակ ասում են` հավաքվե՛ք, գնացե՛ք: Մեկի մտքով անցե՞լ ա, որ  էս գյուղացիները, որ էսքան տանջվում, չարչարվում են,  ո՞ւր կարան  տանեն, ծախեն իրանց հալալ քրտինքով ստացածը: Մեկը չկա,  որ մեր մասին մտածի: Մենք էլ ի՞նչ… Մնում ա, ըսենց ասած, համակերպվենք, թե չէ էդ էղած օդն էլ կդնեն կփակեն»,-բարկացած ասաց Գառնիկը, որը եկել էր Գառնիից: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս