Մեզանից հետո` թեկուզ ջրհեղեղ. Սերժ Սարգսյանի իշխանությունն աշխատել է այս տրամաբանությամբ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը 2017թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս շատ կարեւոր հայտարարություն է արել: «Տնտեսական բավարար չափով կապիտալ ներդրումներ չեն իրականացվել, որպեսզի լուծվեն տնտեսական զարգացումներին նպաստող խնդիրները: Դրանով պայմանավորված՝ որոշակի շեղում է եղել, ավելի շատ պարտք ենք ունեցել, քան ուղղել ենք կապիտալ ներդրումներին: Պարտք ենք վերցրել ընթացիկ ծախսերի համար: Կարճաժամկետ հատվածում սա նորմալ է»,- ասել է նա:

Ջանջուղազյանը ոլորտի հնաբնակներից է. մինչեւ թավշյա հեղափոխությունը ինքը եղել է ՀՀ ֆինանսների փոխնախարարը, միաժամանակ նաեւ ՀՀ գլխավոր գանձապետը: Եւ բնական է, որ նա նախորդ տարվա բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս, պետական պարտքի մասին խոսելիս պետք է բավական մեղմ արտահայտվեր: Ի վերջո, այսպես, թե այնպես, նրա հնչեցրած գնահատականները նաեւ իր աշխատանքին են վերաբերում:
Բայց իր այս հայտարարությամբ Ջանջուղազյանը հիմնավորել է նախորդ կառավարությունների հասցեին տարիներ շարունակ հնչեցված քննադատությունների իրավացիությունը:

Ե՛ւ ոլորտի մասնագետները, ե՛ւ մամուլը բազմիցս բարձրաձայնել են, որ Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիներին ՀՀ պետական պարտքի բեռը գնալով միայն ավելացել է` հասնելով ահռելի չափերի: Իսկ վարկային միջոցներն ուղղվել են ոչ թե կապիտալ ներդրումների ոլորտ, ոչ թե լրջագույն խնդիրների լուծման, այլ ընդամենը ընթացիկ ծախսերն ապահովելուն, ընթացիկ խնդիրներ լուծելուն՝ «Մեզանից հետո` թեկուզ ջրհեղեղ» ասացվածքի նման: Ու արդյունքում միայն մեկ տարվա մեջ նախորդ կառավարությունը պետական պարտքն ավելացրեց բավական կլորիկ գումարով՝ 832.5 մլրդ դոլարով:

Սակայն սա միայն Կարապետյանի կառավարության գործելաոճը չէր: Այդպես վարվել են նաեւ նրա նախորդները. հատկապես Տիգրան Սարգսյանի կառավարությունը զբաղված էր միայն պարտք վերցնելով, միայն թե, թեկուզ կիսատ-պռատ, բայց լուծեն ընթացիկ խնդիրները: Հովիկ Աբրահամյանի կառավարությունը եւս շարունակեց պետական պարտքի ավելացման քաղաքականությունը: ՈՒ ստացվում է` ընթացիկ ծախսերի համար պարտք վերցրել են «կարճաժամկետ հատվածում», այլ տասը տարի շարունակ` այդպես ՀՀ պետական պարտքն ավելացնելով 5 մլրդ դոլարով: Էլ չենք խոսում այն մասին, որ վերցված գումարները միշտ չէ, որ ծախսվել են արդյունավետ:

Ծախսվելուց հետո էլ ուղղվել են ոչ թե լուրջ ծրագրերին, այլ այսրոպեական խնդիրներ լուծելուն: Ահա նաեւ դրա համար էին քննադատում Սերժ Սարգսյանի իշխանության քաղաքականությունը:




Լրահոս