ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակում Հայստանում իրականացված օտարերկրյա ներդրումների մասին հաշվետվությունը: Նախ արձանագրենք, որ դրանք հունվար-մարտ ամիսների ցուցանիշներն են, երբ Սերժ Սարգսյանը նախագահն էր, իսկ Հայաստանի վարչապետը Կարեն Կարապետյանն էր: Այսինքն` ներդրումների վերաբերյալ հաշվետվությունը պետք է դիտարկել նախորդ կառավարության արձանագրած ցուցանիշների համատեքստում:
Ընդ որում` դրանք արձանագրվել են այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանում դեռեւս չէին սկսվել քաղաքական գործընթացները` Նիկոլ Փաշինյանի «Թավշյա հեղափոխությունը»: ՎԿ-ի` ներդրումների վերաբերյալ հրապարակած ցուցանիշները արձանագրվել են այն ժամանակ, երբ երկիրը քաղաքականապես համեմատաբար շատ հանգիստ վիճակում է գտնվել:
ՎԿ տվյալներից պարզեցինք, որ պաշտոնապես Հայաստանում ուղղակի ներդրումները ավելացել են. եթե 2017 թվականի հունվար-մարտին ուղղակի ներդրումները կազմել էին 19 մլրդ 743 մլն դրամի չափ, ապա 2018 թվականի նույն ժամանակահատվածում այս թիվը բավականին ավելացել է: Այսինքն` մոտ 2 անգամ ավելացել են ներդրումների ծավալները: Բայց երբ մանրամասն սկսում ենք վերլուծել այս ցուցանիշները, ստացվում է ոչ այնքան հուսադրող պատկեր: Բայց մյուս կողմից նկատենք, որ օֆշորային ներդրումները հիմնականում ավելացել են Ջերսիի կղզիներից: Ինչպես հայտնի է, այնտեղից ներդրումներ են կատարվել Հայաստանի հարավում գտնվող Ամուլսարի հանքավայրում: «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը նախատեսում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի` օֆշորային է, որը 2006 թվականին գրանցվել է Ջերսիում` Չաննել կղզիում: Նկատենք, որ Ջերսիից այս տարվա հունվար-մարտին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի ավելացել են ուղղակի ներդրումների ծավալները` մոտ 15 մլրդ դրամով: Այսպես, ըստ ՎԿ-ի` եթե 2017 թվականի հունվար-մարտին օֆշորային այս կղզուց եկած ուղղակի ներդրումները կազմել են 5 մլրդ 760 մլն 800 հազար դրամ, իսկ ահա այս տարվա նույն ժամանակահատվածում` 20 մլրդ 640 մլն դրամ:
Տեղեկացնենք, որ օֆշորները` ոչ միայն արտասահմանյան, այլեւ տեղական, հարկերը շրջանցելու տարբերակ են: Օֆշորային գոտում գտնվող կեղծ ընկերություն կարելի է տանել կապիտալ, որտեղից «ներդրում» կատարել այստեղ, իսկ եկամուտը վերադարձնել օֆշորային գոտի: Այդպիսով կարելի է շրջանցել եկամտահարկը, որը Հայաստանում 20 տոկոս է կազմում, իսկ օֆշորներում` 1-2 տոկոս կամ ընդհանրապես 0 տոկոս (բնականաբար, դա չի նշանակում, որ այդպես են վարվում օֆշորային երկրներից կամ գոտիներից բոլոր ներդրողները):
Ուղղակի ներդրումների մյուս դեպքերում տարօրինակ շեղումներ են նկատվում: Թեկուզ փոքր չափի, բայց Ռուսաստանից եւս ավելացել են ուղղակի ներդրումների ծավալները: Պաշտոնական վիճակագրությամբ` եթե 2017-ի հունվար-մարտին Ռուսաստանից Հայաստան մտել է 4 մլրդ 789 մլն 500 հազար դրամի չափով ներդրումներ, ապա այս տարվա նույն ժամանակահատվում այն կազմել է 5 մլրդ 769 մլն 300 հազար դրամ:
Ի դեպ, բացի այս` ավելացել են նաեւ Գերմանիայից Հայաստան մտնող ուղղակի ներդրումների ծավալները` մոտ 4.4 մլրդ դրամի չափով: Միայն այս տարվա ընթացքում Գերմանիայից Հայաստան մտել է 8 մլրդ 336 մլն 100 հազար դրամի ներդրումներ անցած տարվա 3 մլրդ 941 մլն 600 հազար դրամի դիմաց: Նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններից վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստան եկած ներդրումների ծավալներն են ավելացել. եթե 2017 թվականի հունվար-մարտին դրանք կազմել էին 433 մլն 100 հազար դրամ, ապա այս տարվա նշված ժամանակահատվածում այն եղել է 1 մլրդ 233 մլն 400 հազար դրամ:
Հիմնականում ներդրումների ծավալների ավելացման վրա իր ազդեցությունն է ունեցել հանքագործական արդյունաբերության եւ բացհանքերի շահագորման եւ հանքագործական արդյունաբերության հարակից գործունեություների տեսակները: Օրինակ` եթե 2017 թվականի հունվար-մարտին հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության մասով ներդրումները կազմել էին 5 մլրդ 760 մլն 800 հազար դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում` 20 մլրդ 640 մլն դրամ:
Սա նախորդ կառավարության, այսպես ասած, հեռացած իշխանության պատկերն է: Եւ սա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանն իր հերթին արտասահմանյան այցերի ժամանակ ներդրողների էր հրավիրում, նույնկերպ Կարեն Կարապետյանը ամեն պատեհ առիթի խնդրում էր օտարերկրացի գործարարներին ներդրումներ կատարել Հայաստանում: Հիշում եք Կարապետյանի` Դավոս այցը, երբ բոլոր հանդիպումներում միայն ներդրումների մասին էր խոսում:
Թեեւ պաշտոնապես փոքր-ինչ ավելացել են ներդրումների ծավալները, բայց սա այն բավարար չափը չէ, որ կարող էր Հայաստանի տնտեսության վրա դրական ազդեցություն ունենար: Այս ամեն ինչն ունի իր քաղաքական դրդապատճառները. Հայասատան ներդրումներ քիչ են եկել կամ չեն եկել իշխանության նկատմամբ անվստահության, տնտեսության ոլորտում մենաշնորհների, հարկային օրենսդրության կամայականությունների ու, վերջապես, Ղարաբաղյան խնդրի կարգավորված չլինելու պատճառով, երբ ամեն րոպե առկա է պատերազմ սկսելու սպառնալիքը: Բայց նոր իշխանության գալով այս բաղադրիչներից մեծ մասը լուծվել է: Այսինքն` իշխանության է եկել մի ուժ, որը մենաշնորհների դեմ պայքար է սկսել, տեսանելի քայլեր է անում կոռուպցիայի վերացման ուղղությամբ: Ավելին` մեր հանրապետությունում, ի վերջո, քաղաքական մթնոլորտ է փոխվել, որը վստահություն է առաջացրել ոչ միայն երկրի ներսի բնակչության, այլեւ դրսի ներդրողների մոտ: Իսկ Ղարաբաղի խնդիրը, բնականաբար, մեկ օրում չի կարող լուծվել:
Սյունէ Համբարձումյան