Այսօր Ստեփանակերտի ավտոկայանի մոտ շարունակվում են բողոքի ակցիաները՝ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով: Ստեփանակերտի ավտոկայանի մոտ հավաքված ցուցարարներին մոտեցել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Իսկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվածները հակացույց են անում: Նրանք պահանջում են, որ ուժային կառույցների ղեկավարները մնան իրենց պաշտոններում՝ «Ուժայինները մեր ուժն են» պաստառներով։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Արցախի մայրաքաղաքում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչին հաջորդել է բողոքի ակցիա:
Վիճաբանության առիթը կենցաղային հարցերն են եղել, հատուկջոկատայիններն այդ պահին ծառայության մեջ չեն եղել: Այնուհետև քաղաքացիները փակել են Ազատամարտիկների փողոցը և իրավապահներից պահանջել ձերբակալել հատուկջոկատայիններին: Արցախի ոստիկանությանը միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ հունիսի 1-ին՝ ժամը 19։25-ին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 19:15-ի սահմաններում, նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ.-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից՝ 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
ԱՀ ոստիկանության՝ ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման են ենթարկվել 15 քաղաքացիներ:
Լուսանկարը՝ Սիվիլնեթի