ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բնակարանից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարած անձի ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 2017թ. հոկտեմբերի 28-ից 29-ն ընկած ՝ ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը բանալիով բացել է քաղաքացուհուն պատկանող՝ Երևան քաղաքի բնակարաններից մեկի դուռը և հափշտակել ընդհանուր 25.550.000 ՀՀ դրամի արժողության ոսկյա զարդեր, չհրկիզվող պահարան, հագուստ և այլ իրեր՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերով նյութական վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերի հատկանիշներով և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի մոտակայքում տեղակայված անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է մի մարդ բազմաթիվ իրերով հեռանում:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի կամ ընդհանրապես դեպքի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: