Բարձրագույն դատական խորհուրդն ընտրել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 11-ին Բարձրագույն դատական խորհուրդն իր արտագնա նիստն անցկացրեց Գյումրիում: Օրակարգում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ ընդհանուր հանդիպում-խորհրդակցությունից զատ` ընդգրկված էր դատարանի նախագահի ընտրությունը:
Նիստի մեկնարկին Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը նկատեց, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ Գյումրիում հանդիպելու ցանկությունը պայմանավորված է նախևառաջ գյումրեցիներին իրենց հարգանքի տուրքը մատուցելով:
Խորհրդակցության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նշեց, որ հանդիպումներ են ունեցել հանրապետության տարբեր ատյանների դատարանների նախագահների, դատավորների հետ և առաջիկա ամիսներին ևս շարունակելու են իրենց հանդիպումները՝ նպատակ ունենալով բոլորին տեղեկացնել Խորհրդի կողմից գործունեության եռամսյա ժամանակահատվածում ձեռնարկված գործնական քայլերի մասին:
Գագիկ Հարությունյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց Խորհրդի կողմից ընդունված որոշումների վրա՝ առանձնակի կարևորելով 2018 թվականի ապրիլի 12-ին ընդունված որոշումը՝ անթույլատրելի համարելով կոնկրետ գործի շրջանակում ստացված ցանկացած միջամտություն, որը կդիտվի դատական անկախությունը ոտնահարող խոչընդոտ:

«Մենք ցանկանում ենք ձեզ փոխանցել այս պատգամը, որ թե՛ Գյումրիում, թե՛ Հայաստանի բոլոր անկյուններում այսուհետ որևէ մեկը եթե փորձի դատավորին ինչ-որ ձևով առաջարկ կամ ցուցում տալ, այն կդիտվի որպես ոչ միայն իր անկախությունը խաթարող, այլև, ընդհանրապես, արդարադատության դեմ ուղղված քայլ: «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը շատ հստակ սահմանել է, որ եթե նման բան տեղի ունենա, դատավորը պարտավոր է հայտնել Բարձրագույն դատական խորհրդին: Մենք շատ ուրախ ենք, որ գործադիր իշխանության քաղաքական դիրքորոշումն ու մեր մոտեցումներն այս հարցում համընկնում են: Պետք է ասեմ, որ երկու օր առաջ հանգամանորեն զրուցել եմ հանրապետության վարչապետի հետ, քննարկել ենք այս ոլորտի հետ կապված շատ հարցեր, նաև, թե ինչպես կարող ենք առաջիկայում հաղթահարել խնդիրները: Այս սկզբունքային մոտեցումը քաղաքական իշխանությունների մոտ շատ հստակ համոզմունք է, և մենք, մեր իրավասության շրջանակներում, պետք է կոչված լինենք՝ այն կյանքի կոչելուն: Ավելին, ունենալու ենք թափանցիկ արդարադատական համակարգ, որտեղ Բարձրագույն դատական խորհուրդը, Դատական դեպարտամենտը, ընդհուպ դատարանի նախագահը, իրավունք չպետք է ունենան ցուցում տալու, միջամտելու դատավորի գործունեությանը կոնկրետ գործի շրջանակում»,-նշեց Գագիկ Հարությունյանը, ապա հավելելով, որ Խորհրդի նպատակն է համատեղ ջանքերով բարձրացնել դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահությունը: Այս ուղղությամբ կիրառելի գործնական քայլերից է էլեկտրոնային համակարգի ներդրումը, որը թույլ կտա, որպեսզի դատավորները կարողանան անկաշկանդ աշխատել, իսկ անընդհատ մշտադիտարկման միջոցով ուշադրության կենտրոնում պահել առաջացած խնդիրներն ու թերացումները:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը խիստ կարևորեց բոլոր այն խոչընդոտների հաղթահարումը, որոնք այսօր ազդում են արդարադատության արդյունավետության, դատարանների և դատավորների անկախության վրա: Գագիկ Հարությունյանը մասնավորապես շեշտադրեց դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը բոլոր ուղղություններով՝ այն բնորոշելով ոչ նորմալ, քանի որ վերջին հինգ տարում գրեթե երեք անգամ գործերի ծավալը մեծացել է:

Հատուկ ուշադրություն հրավիրվեց դատավորների վարքին, անձնական օրինակին ու պատասխանատվությանը: Հույս հայտնվեց, որ Գյումրին կարող է օրինակելի դառնալ այս ոլորտում ներկա համակարգային փոփոխություններն իրականացնելիս:
Արտագնա նիստի ավարտին Խորհուրդն անցկացրեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրություն՝ դատարանի դատավորների կազմից, ինչպես պահանջում է օրենքը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրությունն անցավ երկու փուլով: Խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ առաջին փուլի արդյունքներով արձանագրեց ձայների հետևյալ բաշխվածությունը.
1. Գրիգորյան Վարդան – 0
2. Գևորգյան Մեխակ – 0
3. Թադևոսյան Արտակ – 0
4. Խաչատրյան Լիլիթ – 3
5. Հովհաննիսյան Գագիկ – 5
6. Հովհաննիսյան Լենդրուշ – 0
7. Մանուկյան Աշոտ – 1
8. Միքայելյան Հայկանուշ – 0
9. Միսակյան Վահե – 0
10. Մկրտչյան Բագրատ – 1
11. Մնացյան Սուրեն – 0
12. Ղազարյան Հովհաննես – 0

Առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չստացավ: Թեկնածուներից առավելագույն ձայներ ստացած Գագիկ Հովհաննիսյանի և Լիլիթ Խաչատրյանի թեկնածությունները քվեարկության դրվեցին երկրորդ փուլում:
Խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ երկրորդ փուլում արձանագրեց հետևյալ արդյունքը.
1. Խաչատրյան Լիլիթ -2
2. Հովհաննիսյան Գագիկ – 8
Երկրորդ փուլի արդյունքներով՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Գագիկ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորություններն ստանձնելու օրվանից եռամսյա ժամկետում, իր հաստատած ժամանակացույցի համաձայն, Դատական դեպարտամենտից ստանում է համապատասխան դատարանների դատավորների ցուցակները և իրականացնում է առաջադրման գործընթացը: Ուստի, բոլոր դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների առաջադրումը, ընտրությունը կամ նշանակումը պետք է ավարտվի մինչև 2018թ. օգոստոսի 5-ը:

ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի
վարչություն




Լրահոս