«Ձեր ասած՝ իրերն ու առարկաները, որոնք ուղիղ վերաբերում են ՊՆ-ին և արտադրված են Զինուժի համար, օրինական կարգով փոխանցվել են ԵԿՄ-ին, երկու հիմնական ճանապարհով»,- այսօր կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, թե ԵԿՄ-ն արդեն 20 տարուց ավելի է՝ պահեստազորի ակտիվ բանակումներ է իրականացնում, ստանում տարբեր տեսակի պիտույքներ։
Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ռազմամթերքի խնդրին՝ ընդգծելով, որ քննությունը ցույց կտա. «Այնտեղ կային զինատեսակներ, որոնք ոչ մի կերպ օրինական չէին կարող լինել այնտեղ»։
ՊՆ-ին նվիրաբերված իրերի և առարկաների մասով էլ Հովհաննիսյանը նշեց, որ պաշտոնական որևէ մեկնաբանություն անել չի կարող. «Դրա համար պետք է տարանջատենք. այն իրերն ու առարկաները, որոնք օրինական կարգով հատկացվել են, բայց չեն կիրառվել, դրանք առանձին հարց են, ուղիղ կապ ունեն ՊՆ տվածի հետ, իսկ այն իրերն ու առարկաները, որոնք դպրոցներից, Ռուսաստանից, համայքներից տրված իրեր են, կապի համակարգեր են, տեղ չեն հասել, ես սրա մասով որևէ բան չեմ կարող ասել։ՊՆ-ն այլ վերահսկողության մեխանիզմներ չունի», – նշեց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ս.թ. հունիսի 16-ին խուզարկություն է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված վերջինիս պատկանող առանձնատանը: