Անփոփոխ սառը. Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո ևս Հայաստանի հետ հարաբերությունները չեն փոխվել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարեւան Թուրքիաում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները սպասելի էին. ըստ նախնական տվյալների, ստանալով 53 տոկոս ձայն, հաղթող է ճաչվել Թուրքիայի գործող նախագահ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Ընդ որում, այս անգամ արդեն Էրդողանը երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնում է նոր սահմանադրության համաձայն, ավելի ուժեղացված լիազորություններով:

Արդյոք Թուրքիայի նախագահի պաշտոնում Էրդողանի վերընտրությունից հետո կարելի՞ է ակնկալել որեւէ առաջընթաց հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Երեկվանից քաղաքական շրջանակներում այս հարցն է շոշափվում, բայց պատասխանը կարծես թե միանշանակ է. առայժմ ոչ: Հազիվ թե որեւէ դրական փոփոխություն արձանագրվի հայ-թուրքական հարաբերություններում, թեկուզ եւ այն պարզ պատճառով, որ հարեւան երկիրը շարունակում է դեռ 90-կաններից որդեգրած քաղաքականությունը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների բարելավումը պայմանավորելով Արցախյան հիմնախնդրի լուծմամբ: Ու քանի դեռ չի լուծվել ԼՂ խնդիրը, կամ քանի դեռ Թուրքիան չի վերանայել իր դիրքորոշումը՝ հրաժարվելով մինչ օրս արտահայտած մոտեցումներից, ապա հարաբերությունների բարելավում ակնկալելը միամտություն կլինի:

Ճիշտ է, ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ի եւ Թուրքիայի վարչապետների միջեւ հեռակա «երկխոսություն» եղավ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ-ն պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն առանց նախապայմանների: Մի քանի օր անց հետեւեց պաշտոնական Անկարայի արձագանքը. վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, թե իրենք պատրաստ են երկխոսության. «Իհարկե եթե Հայաստանը փոխի տարիներ ի վեր Թուրքիայի հանդեպ ունեցած թշնամական դիրքորոշումը, հրաժարվի Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների նկատմամբ ունեցած նկրտումներից, ամեն ինչից հրաժարվի, ցանկանա նոր էջ բացել, ապա մենք կուսումնասիրենք մանրամասներն ու դրան անհրաժեշտ պատասխան կտանք: Մենք ոչ ոքի, մասնավորապես մեր հարևանների հետ չենք ցանկանում թշնամության մեջ լինել: Եթե այսպիսի մոտեցում լինի, կքննարկենք այն մեր պետության շահերի շրջանակում»:

Երկու երկրների ղեկավարների միջեւ հեռակա երկխոսությունն այսքանով ավարտվեց, ու որեւէ քայլ երկուստեք չարվեցին: Հազիվ թե որեւէ քայլ արվի նաեւ առաջիկայում, եթե, իհարկե, լուրջ փոփոխություններ չլինեն միջազգային խաղացողների դիրքորոշումներում, երբ գերտերությունները նախաձեռնեն որեւէ գործընթաց: Բայց դա էլ մեծ հաշվով հեշտ չի լինելու, եւ ապագան լինելու է մշուշոտ:




Լրահոս