Երեւանի քաղաքապետարանը ամռան երեք ամիսներին տոնական միջոցառում անցկացնելու նպատակով քաղաքային բյուջեից նախատեսում է ծախսել 34 մլն դրամ` մոտ 70 հազար դոլար: Օրինակ «Երեւանյան ամառ 2018 հունիս» մշակութային միջոցառման համար, որն արդեն կայացել է ծախսել է մոտ 14 մլն դրամ: Կազմակերպվել է ֆիլմերի ցուցադրություն, համերգներ: Իսկ ահա «Երեւանյան ամառ 2018 հուլիս» մշակութային միջոցառումը նախատեսվում է անցկացնել հուլիսի 9-ին, Կարապի լճում կկազմակերպվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընտրված ֆիլմերի բացօթյա ցուցադրություն:
Այս միջոցառման համար կծախսվի մոտ 4 մլն դրամ: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ օգոստոսին կկազմակերպվի երկու միջոցառում` մինչեւ օգոստոսի 13-ը եւ 31-ին: «Երեւանյան ամառ 2018 օգոստոսե մշակութային միջոցառումների շրջանակում, մինչեւ օգոստոսի 13-ը, Ազատության հրապարակում կկազմակերպվի DJ, բենդերի մասնակցությամբ 4 ժամ տեւողությամբ համերգային ծրագիր, որի համար կծախսվի մոտ 8 մլն դրամ: Նույնքան կծախսվի նաեւ օգոստոսի 31-ին Կարապի լճի տարածքում համերգային ծրագրի համար:
Նկատենք, որ Երեւանի քաղաքապետարանում կարծես, թե չեն ըմբռնում երկրում տեղի ունեցած փոփոխությունները, եւ շարունակում են շռայլ ծախսերը, այն էլ` մեծ գումարներ են ծախսում անիմաստ ծրագրերի վրա: