Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ, մեղմ ասած, անհասկանալի իրավիճակ է ստեղծվել: Մի կողմից ԸՕ նախագիծ է մշակում կառավարությունը՝ հանձին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված հանձնախմբի, մյուս կողմից նույն այդ գործով զբաղվում է ԱԺ նախագահի որոշմամբ խորհրդարանական չորս ուժերից կազմված աշխատանքային խումբը: Եւ այս երկուսի աշխատանքները ոչ թե գալիս են փոխլրացնելու միմյանց, այլ ընդհակառակը: Նման եզրակացության կարելի է հանգել` հետեւելով նախօրեին ԱԺ-ում երկու հանձնախմբերի ներկայացուցիչների հանդիպումից: Հանդիպում, որն ամենեւին էլ փոխըմբռնման մթնոլորտում չանցավ: Հիմա մեծ է ԸՕ երկու նախագիծ ունենալու հավանականությունը: Պատահական չէ, որ երեկ այդ մասին արդեն խոսում են ՀՅԴ ներկայացուցիչները, մասնավորապես խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե իրենց նպատակն է համախոհությամբ հասնել մեկ միասնական նախագծի, ու իրենց համար անհասկանալի է՝ մեկ, թե երկու նախագծով են ներկայանալու խորհրդարան:
Ստեղծված իրավիճակում, իհարկե, իր մեղավորության բաժինն ունի ե՛ւ կառավարությունը, ե՛ւ խորհրդարանը: Կառավարության հանձնախումբն, ըստ էության, անտեսում է ՀՀԿ-ին, երբ այդ կուսակցության ներկայացուցիչներին չընդգրկեցին աշխատանքային խմբում (սա միանգամայն հասկանալի պատճառներով. ի վերջո ՀՀԿ-ն ընկալվում է որպես ընտրակեղծարար ուժ, որից որքան հնարավոր է, պետք է հեռու մնալ): Բայց եւ հնարավոր չէ նրանց հետ հաշվի չնստելը թեկուզ եւ այն պատճառով, որ ՀՀԿ-ն ԱԺ-ում ամենաշատ պատգամավոր ունեցող խմբակցությունն է, կարող է նրանց ձայները վճռորոշ լինեն:
Խորհրդարանում ՀՀԿ-ական մեծամասնությունը, որի ձեռքին է շարունակում մնալ օրենսդիր իշխանությունը, իր հերթին փորձում է օգտագործել ունեցած լծակներն ու ԱԺ նախագիծ ներկայացնել:
Ստեղծված իրավիճակում հետաքրքիր է մեկ այլ հանգամանք. կառավարությունն, ըստ էության, ՔՊ-ի ձեռքին է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ ղեկավարներից է: Բայց ԱԺ-ում «Ելք» խմբակցությունը, որի անդամ է ՔՊ-ն, մասնակցել է ԸՕ նախագծի համար ձեւավորված խորհրդարանական հանձնախմբի աշխատանքներին ու մասնակցել բավական ակտիվ: Ընդ որում` այդ քննարկումներին մասնակցել են «Ելք»-ի անդամ ե՛ւ «Լուսավոր Հայաստան», ե՛ւ ՔՊ անդամ պատգամավորները:
Այսքանից հետո իսկապես տարօրինակ է երկու աշխատանքային հանձնախումբ ունենալու իմաստը, եթե այդ ամենը չի արվում միմյանց հակակշռելու, բանավեճ «սադրելու» եւ դրա արդյունքում միասնական նախագիծ ներկայացնելու համար: