Նիկոլ Փաշինյանի ելույթի ուշագրավ շեշտադրումները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, մասնավորապես, Ղարաբաղյան հիմնախնդրին անդրադարձն ուշագրավ շեշտադրումներ էր պարունակում: Ընդգծելով, որ ԼՂ հարցն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի քննարկումների ձեւաչափի հետ, եւ որ ՆԱՏՕ-ն ինքն է մշտապես հետեւողականորեն հայտարարել՝ այդ հակամարտության կարգավորման գործում որեւէ դերակատարություն չունի` Փաշինյանը հայտարարել է.

«Հայաստանը, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկիր, վերահաստատում է իր հանձնառությունը ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով: Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ պետք է դիտարկել որպես հարձակում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ խաղաղության դեմ:

Վերջերս Հայաստանի հետ սահմանին եւ ԼՂ-ի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրված հրադադարի խախտման եւ սադրանքների դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին»:

Միաժամանակ Փաշինյանը վերահաստատել է ձեռք բերված նախորդ պայմանավորվածությունների իրականացման կարեւորությունը, մասնավորապես, Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում եւ Ժնեւում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերվածները: «Դրանք, ի թիվս այլոց, ուղղված են խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը եւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը»,- ասել է նա:

Փաշինյանը, վերահաստատելով ԼՂ խնդրում ՀՀ հանձնառությունը, միաժամանակ, որոշակի կոշտացնում է իր դիրքորոշումը, երբ խոսում է ոչ թե հակամարտությունը կարգավորելու մասին, այլ նախեւառաջ պահանջում, որպեսզի Ադրբեջանը վերանայի իր դիրքորոշումն ու խաղաղության համար նպաստավոր պայմաններ ստեղծի, վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնի: Ասել է թե` նա անուղղակի հասկացրել է, որ բանակցություններն իմաստ կունենան միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն իսկապես ընթանա խնդրի կարգավորման ուղիով: Այդ դեպքում արդեն կարող է լինել բովանդակային զրույց, այլ ոչ թե ժամավաճառություն:

Պատահական չէ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո հայտարարեցին, թե քննարկել են հաջորդ քայլերը եւ պարամետրերը կրկին ներգրավվելու բովանդակային բանակցություններում, նաեւ հետագա հանդիպումների շուրջ մի շարք հարցեր, այդ թվում վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք հնարավոր քայլեր: «Համանախագահները կարեւորել են լարվածության նվազեցման եւ ռազմատենչ հռետորաբանության կանխման անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարության մեջ:




Լրահոս