Ի՞նչ սկզբունքով պետք է կազմավորվի խորհրդարանը. Ընտրական օրենսգրքի քննարկումների հիմնական հարցը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչներին դեռեւս չի հաջողվել հանգել միասնական դիրքորոշման: Երկու աշխատանքային խմբերի քննարկումներն ու բանավեճը դեռ շարունակվում է: Մինչդեռ նկատենք, որ իրականում ԸՕ-ում ամրագրման ենթակա մեկ կարեւոր հարց կա. ի՞նչ սկզբունքով պետք է կազմավորվի խորհրդարանը՝ բացառապես համամասնական ընտրակարգո՞վ, թե՞, այնուամենայնիվ, հարկավոր են տարածքային բաց կամ փակ ցուցակներ` ապահովելու մարզերից ԱԺ-ում ներգրավվածության համամասնությունը: Մյուս բոլոր բանավեճերը մեծ հաշվով անիմաստ են, քանի որ ժամանակը ցույց է տվել՝ Հայաստանում լավ ԸՕ-ն ամենեւին էլ լավ ընտրություններ անցկացնելու նախապայման չէ:

Հիշում եք գործող ԸՕ-ի շուրջ տեւական ժամանակ քննարկումներն ու բանավեճերը, նաեւ միջազգային կառույցների եւ օտարերկրյա պետությունների կողմից տրամադրված ֆինանսական միջոցները, որպեսզի ներդրվեին ընտրակեղծիքներն առավելագույնս չեզոքացնող կեղծիքների հնարավորությունը կանխող մեխանիզմներ: Հիշում եք նաեւ ԸՕ-ում այդ փոփոխություններն ընդունվեցին այն ժամանակվա իշխանության եւ ընդդիմության կոնսենսուսի արդյունքում: Միայն թե այդքանից հետո 2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններն անցկացվեցին աղաղակող խախտումներով. ճիշտ է, լցոնումներ չեղան, քվեատուփեր չառեւանգվեցին, ընդդիմության ներկայացուցիչներին տեղամասերից բռնությամբ դուրս չհանեցին, բայց միեւնույն է՝ ընտրություններին մասնակից մի քանի ուժ իշխող ՀՀԿ գլխավորությամբ բաժանեց ահռելի չափերի ընտրակաշառք, իշխանությունները գտել էին տեղամասերում քվեարկությունը վերահսկելու ձեւերը, գործածվեց վարչական ռեսուրսը: Հիշում եք` այդ ամենը նաեւ ամրագրվել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցում եւ միջազգային այլ կառույցների, դեսպանատների հայտարարություններում:

Ասել է, թե կարեւոր չէր ԸՕ բովանդակությունը, այլ կարեւոր էր իշխանությունների մոտ քաղաքական կամքի առկայությունը: Մի բան, որ ՀՀԿ իշխանության մեջ իսպառ բացակայում էր այս քսան տարիների ընթացքում:
Այնպես որ, այսօր կարեւոր է ոչ այնքան ԸՕ բովանդակությունը, որքան քաղաքական կամքի առկայությունը: Ի վերջո, եթե հիշում եք` 1991թ. անկախության հանրաքվեն ու նախագահական ընտրություններն անցկացվեցին բավական վատ օրենսդրության պարագայում, բայց դրանք ՀՀ պատմության մեջ լավագույն ընտրություններն էին, որոնց արդյունքները չվիճարկվեցին: Նույնը կարող է լինել այս պարագայում, առավել եւս, երբ նոր կառավարությունն իր գործողություններով ապացուցել է քաղաքական կամքի առկայությունը:




Լրահոս