ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` եթե աշխատակիցը երեք ամսից ավել գտնվել է անաշխատունակության (հիվանդության) մեջ է, ապա այդ դեպքում ի՞նչ կարգով է տրվում աշխատողի նպաստ ստանալու իրավունքը:
Ալիս Հայրապետյան (32 տարեկան, ավագ օպերատոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հայրապետյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք որ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից մինչեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:
Տեւական հիվանդության դեպքում վարձու աշխատողները բժշկասոցիալական փորձաքննության են ուղեգրվում անաշխատունակությունը սկսելու օրից 3 ամսից ոչ ուշ: Եթե բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշման համաձայն վարձու աշխատողը հաշմանդամ չի ճանաչվում, բայց շարունակում է դեռեւս մնալ անաշխատունակ, ապա հիվանդության նպաստ ստանալու նրա իրավունքը կարող է շարունակվել, բայց ոչ ավելի, քան մինչեւ 3 ամիս ժամկետով կամ մինչեւ օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ժՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս վարձու աշխատողին նպաստը տրվում է ամենամյա արձակուրդի չօգտագործված (ամենամյա արձակուրդին եւ ժամանակավոր անաշխատունակությանը համընկնող) մասը ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով օգտագործելու ժամանակահատվածի համար` ընդհանուր հիմունքներով:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: