Այսպիսով արձանագրենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը ՀՀ իշխանությունների արձագանքը բավական հաջողված էր, սա առանց չափազանցնելու: Հիշում եք` Լավրովը անդրադառնալով մարտի 1-ի գործով ՀՀ նախկին պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելուն` ասել էր. «Իրադարձությունները ակնհայտորեն խախտում են այդ դրական մթնոլորտը, հակասում են ՀՀ նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ քաղաքական հետապնդումներ չեն լինում,- եւ հավելել,-այն, ինչ կատարվում է ՀՀ-ում, չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում նաեւ ԱՊՀ տարածքի կազմակերպությունների բնականոն աշխատանքի մասով»:
Մինչ գիշերվա ընթացքում շատերը փորձում էին վերլուծել Լավրովի խոսքերը, վաղ առավոտյան եղավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը: Ճիշտ է` Փաշինյանն ուղղակիորեն չանդրադարձավ Լավրովի խոսքերին, չմեկնաբանեց դրանք, չհակադարձեց: Նա պարզապես ՀՀ քաղաքացիներին օգոստոսի 17-ին իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ հրավիրեց Հանրապետության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին՝ ասելով, որ խոսելու են Հայաստանի հնարավորություններից ու մարտահրավերներից, նաեւ ինչպես ենք կարողանալու հնարավորություններն օգտագործել, մարտահրավերները՝ կառավարել: Այդ հանրահավաքով Փաշինյանը ՌԴ-ին ու, ընդհանրապես, բոլորին նպատակ ունի ցույց տալու, որ ի տարբերություն նախորդ իշխանությունների` ինքը վայելում է հասարակության լիակատար աջակցությունը: Հետեւաբար մարտի 1-ի բացահայտման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իր գործողությունները պատվիրակված են հասարակության կողմից: Ու այդ ամենի դեմ ցանկացած ոտնձգություն առաջին հերթին ոտնձգություն է հայ հասարակության հանդեպ:
Ավելի ուշ Լավրովի հայտարարություններին արձագանքեց արդեն ԱԳՆ-ն՝ խոսնակ Տիգրան Բալայանի միջոցով:
Ընդգծելով, որ Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացները պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններով, Բալայանը շեշտել է, որ դրանք «փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ եւ չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան»: Միաժամանակ, ԱԳՆ խոսնակը վերահաստատել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը:
Ասել է, թե ՀՀ-ն շատ նրբորեն հասկացրել է ՌԴ-ին, որ Հայաստանն ինքնիշխան երկիր է, որի խնդիրներին պետք չէ միջամտել, եւ որ ներքին հարցերի լուծումն ուղղված չէ որեւէ մեկի դեմ, կապ չունի արտաքին քաղաքական առաջնահերթությունների հետ: