Շիրակի պետական համալսարանում մի քանի քրեական գործ է հարուցված. ուր կտանեն բացահայտումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի պետական համալսարանում ամիսներ շարունակ հնչեցված փոխադարձ մեղադրանքները հասել են դատարան: Նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի պաշտոնավարման օրոք աշխատանքից ազատված երկու դասախոսները դեռ երեք ամիս առաջ դատարան դիմեցին վերակագնելու իրենց աշխատանքային իրավունքը: Երկու դասախոսներն էլ՝ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը, աշխատանքից ազատվեցին, երբ սկսեցին սոցցանցերում խոսել ՇՊՀ-ում չարաշահումների մասին:

Այժմ քննվում է Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս, պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի նախկին պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանի հայցն ընդդեմ Շիրակի պետական համալսարանի: Հայցվոր կողմը վիճարկում էր համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի՝ իրեն աշխատանքից ազատելու հրամանն ու պահանջում չեղյալ հայտարարել անօրինական որոշումն ու վերականգնել իր իրավունքներն ու հարկադիր պարապուրդի ընթացքում կրած վնասները: Դատական նիստը կայացել է հայցվոր կողմի բացակայությամբ: Խորիկյանի փաստաբանը դատարանին ներկայացրեց բոլոր փաստաթղթերն ու համացանցում տեղ գտած հրապարակումները:

Հովհաննես Խորիկյանի ազատման որոշումը կայացրել է գիտխորհուրդը: Խորիկյանը, սակայն, պնդում է` դրա իրավունքը գիտխորհուրդը չուներ: «Այդպիսի օրենք չկա, որ գիտական խորհուրդը պետք է քննության վերցնի դասախոսին աշխատանքի ընդունման կամ ազատման խնդիրը: Դասախոսի անմիջական գործատուն ռեկտորն է: Ես ռեկտորի հետ եմ պայմանագիր կնքել, իմ եւ գործատուի իրավահարաբերությունները կարգավորվում են ներքին կարգապահական կանոնակարգով»,- ասել էր նա: Ի դեպ, դատարանն արդեն բավարարել է աշխատանքից ազատված դասախոսներից Գագիկ Համբարյանի հայցը` նրան վերականգնելով նախկին աշխատանքին:

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմայանն էլ բողոքրակել էր իրեն աշխատանքից ազատման որոշումը: Որոշումը կայարել էր ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը: Ռեկտորի եւ պրոռեկտորի միջեւ լարված հարաբերությունները պայամանավորված էին այն բանով, որ պրոռեկտորը պաշտպանում էր ազատված դասախոսներին: Գործը այժմ քննվում է:

Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանն էլ անգործ նստած չէ. վերջինս էլ հուլիսի 25-ին դատարան է դիմել մեղադրանքով, որ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան գրառումներով վարկաբեկել է իրեն: Սահակ Մինասյանը պահանջում է վիրավորելու համար ներողություն խնդրել եւ որպես բարոյական վնասի փոխհատուցում վճարել 1 միլիոն դրամ: Գագիկ Համբարյանն էլ դատարան կներկայանա հակընդդեմ հայցով:

Շիրակի պետական համալսարանում այժմ մի քանի քրեական գործ է հարուցված: Հիմքը բացահայտված չարաշահումներն են, որոնք կապված են թե՛՛ Սահակ Մինասյանի անձի, թե՛ ազատված աշխատակիցների հետ:

Շուշանիկ Օհանյան
Գյումրի




Լրահոս