Դատավորներն ընդդեմ ԲԴԽ-ի. աղմկահարույց իրադարձությունները շարունակվում են նոր թափով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սնանկության գործերով դատարանի շուրջ աղմկահարույց իրադարձությունները շարունակվում են նոր թափով: Ինչպես հայտնի է` նոր ստեղծվելիք դատարանում դատավոր աշխատելու համար թեկնածուներից ոչ բոլորն էին արժանացել Բարձրագույն դատական խորհրդի դրական գնահատականին, եւ ահա երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դուրս մնացած դատավորներից Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը դիմել են ՀՀ վարչական դատարան` պահանջելով ստիպել Բարձրագույն դատական խորհրդին՝ պահանջելով վերացնել «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018 թվականի օգոստոսի 6-ի որոշումը, անվավեր ճանաչել դրա հետեւանքով «Սնանկության դատավորներ նշանակելու մասին» ՀՀ նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի որոշումը:

Հատկանշական է փաստը, որ ԲԴԽ-ի, այդպես՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի դեմ դուրս են եկել դատական համակարգի հնաբնակ երկու դատավորները: Սուքոյանը դատական համակարգում աշխատում է դեռ 1999 թվականից, իսկ Պետրոսյանը՝ 2002 թվականից:

Սնանկության գործերով դատարանի շուրջ աղմկահարույց պատմություններին «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու: Մենք տեղեկացրել էինք, որ ԲԴԽ-ի գաղտնի քվեարկության արդյունքում ընտրված թեկնածուների անունները համակարգում խիստ դժգոհությունների պատճառ են դարձել: Դատական համակարգում դժգոհել են, որ սնանկության գործերով դատավորներ են ընտրվել այնպիսի անձինք, որոնց մեծ մասը սնանկության հետ կապված գործերի հետ ընդհանրապես կապ չունեն, իսկ ահա պրոֆեսիոնալներն հայտնվել են խաղից դուրս իրավիճակում:

Մասնավորապես տեսակետ է հնչել, որ սնանկության գործերով դատավոր չեն ընտրվել հնաբնակներից Կարինե Պետրոսյանը, Ալեքսեյ Սուքոյանը, Արմեն Դանիելյանը եւ այլք, որոնք այս հարցում փորձ ունեն: Ի դեպ, նրանցից Կարինե Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չի բացառել, որ ԲԴԽ որոշումները կբողոքարկի: «Ես փաստաբան ունեմ, որը դիմելու է Բարձրագույն դատական խորհուրդ եւ ստանալու է այդ կապակցությամբ նրանց կողմից կայացված հնարավոր որոշումը, ես չգիտեմ` այդ որոշումը կա, թե չկա, որից հետո կհասկանամ` այդ որոշումը պատճառաբանված է, թե ոչ, որքանով է իրատեսական դրա բողոքարկումը, որից հետո իմ քայլերը կհասկանամ»,- ասել էր նա:

Ու հիմա, փաստորեն, երկու դատավորները միավորվել ու ԲԴԽ-ի դեմ են դուրս եկել:

Մինչ այդ մեկ հիշեցում եւս. դատավորներից Կարինե Պետրոսյանը նախկինում առիթ ունեցել է քննելու աղմկահարույց քաղաքական գործեր` իհարկե, որոշում կայացնելով հօգուտ իշխանությունների՝ Բաղրամյան 26-ի թելադրանքով:

Ա.Գ.




Լրահոս