Հարց քաղաքացիներից` ի՞նչ պետք է անել աշխատանքային գրքույկը վերականգնելու համար, եթե այն կորցրել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Աշխատանքային գրքույկս կորցրել եմ: Խնդրում եմ` ասեք` ի՞նչ պետք է անեմ, որպեսզի կարողանամ վերականգնել այն:

Գրիգոր Գեւորգյան (64 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանված` աշխատանքային պայմանագիր կնքելու համար աշխատանքային գրքույկ պահանջելու գործատուի պարտավորության մասին դրույթը ուժը կորցրած է ճանաչվել 2017թ. հունվարի 1-ից: Եթե աշխատանքային գրքույկն անհրաժեշտ է կենսաթոշակ նշանակելու նպատակով աշխատանքային ստաժը հաշվարկելու համար, ապա «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող Կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատանքային ստաժը հաստատող արխիվային տեղեկությունները անհրաժեշտության դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը հարցման միջոցով ստանում է պետական արխիվից, եթե դիմումին կից ներկայացվել են հարցման համար անհրաժեշտ տվյալներ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:




Լրահոս