ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ի՞նչ խորհուդ ունի տնօրհնեքի արարողությունը: Արդյո՞ք պարտադիր է, որ տանը կատարվի օրհնության արարողակարգ:
Արմինե Գալստյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տնօրհնեքի արարողությունը հաստատողը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է: Ավետարանի վկայությամբ` Ս. Զատիկի երեկոյան հարուցյալ Քրիստոս փակ դռների միջով մտավ Վերնատուն, ուր հավաքվել էին աշակերտները, եւ օրհնեց նրանց: Առաքյալները մտնում էին իրենց ընդունող մարդկանց տները եւ ավետում Աստվածահայտնության եւ Սուրբ Հարության Բարի լուրը: Հոգեւոր բարեպաշտական այս արարողությունը Առաքելական Ս. Եկեղեցին շարունակական է դարձրել տնօրհնեքի միջոցով: Ս. Ծննդյան եւ Ս. Հարությանը հաջորդող օրերին եկեղեցու սպասավորներն այցելում են մարդկանց տները եւ փոխանցում Հիսուս Քրիստոսի Ծննդյան կամ Հարության Ավետիսը, օրհնում նրանց բնակարանը եւ բնակիչներին, նաեւ տան բարիքները` հացը, աղը եւ ջուրը: Ապա քահանան օրհնված ջուրը խաչաձեւ ցողում է բնակարանի անկյունները եւ օջախի անդամների համար պահպանություն հայցում Ամենակալ Աստծուց:
Արարատյան Հայրապետական թեմ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հաստատել է տնօրհնեքի երեք արարողություն` Ս. Ծննդյան, Ս. Հարության եւ նորակառույց բնակարանի օրհնություն: Տնօրհնեք է կատարվում նաեւ ցանկացած ժամանակ, երբ խախտվում է տան խաղաղությունը, եւ ընտանիքը կարիք է զգում այն վերականգնել եւ Աստծո շնորհի մեջ վերահաստատվել:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: