Կոալիցիոն նախկին գործընկերների չլուծված խնդիրը. Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցում կրքերը գնալով թեժանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցում կրքերը գնալով թեժանում են: Նախկին ՕԵԿ-ական տնօրենի պայքարը նախկին դաշնակցական տնօրենի դեմ դեռեւս անհաջողությամբ է պսակվում: Այժմ մթնլորոտը դպրոցում լարված է, քանի որ դպրոցը բաժանված է երկու թեւի:

Եւ այսպես, Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցում խնդիրը ծագեց դեռեւս 2016 թվականից: Այդ ընթացքում Շիրակի մարզը ղեկավարում էր դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը: Երբ դպրոցի տնօրեն ՕԵԿ անդամ Գոհար Շահբազյանի պայմանագրի ժամկետը լրացավ, մարզպետը ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց իր կուսակից ընկերոջը՝ ՀՅԴ-ական Արփինե Նիկողոսյանին: Դպրոցի աշխատակազմը բողոքարկեց մարզպետի որոշումը՝ պահանջելով վերականգնել իրենց նախկին տնօրենի աշխատանքը: Հետագայում կայացավ տնօրենի թափուր տեղի համար մրցույթ: Նախկին տնօրենն ու ժամանակավոր պաշտոնակատարը հավասար միավորներ էին հավաքել: Ըստ սահմանված կարգի` դպրոցը պետք է ղեկավարեր նա, ում նախապատվություն կտար մարզպետը: Մարզպետն էլ որոշեց տնօրեն նշանակել դաշնակցական Արփինե Նիկողոսյանին:

Գոհար Շահբազյանը որոշեց վերակագնել իր իրավունքը դատական կարգով: Ամիսներ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Գոհար Շահբազյանի հայցն ընդդեմ Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանի։ Գոհար Շահբազյանը պահանջում էր վերականգնել աշխատանքը եւ իր հետ աշխատանքային պայմանագիր կնքել: Գործում երրորդ կողմ ընդգրկվել էր նույն դպրոցի տնօրեն Արփինե Նիկողոսյանը։ Գործը քննվում էր Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Մինչ դատական պրոցեսներն ընթացքի մեջ են, աշխատակազմից մի քանի հոգի շարունակում են ներքին պայքար տանել Արփինե Նիկողոսյանի դեմ. «Նախկին տնօրենը փորձում է խանգարել ու մշտապես: Ունի 5-6 հոգանոց կողմնակիցների բանակ, որոնք մշտապես խոչընդոտում են իմ աշխատանքին, տարբեր անձանց դիմում են` հայտարարելով, որ ես լավ տնօրեն չեմ: Իմ գալուց ընդամենը մեկ ամիս անց կոլեկտիվը հասկացավ թե ինչպես կարելի է հանգիստ աշխատել, բայց նրանք ինձ խանգարում են: Նրանց դեմ ես ուրեւէ ապացույց չունեի: Բայց արխիվի տեղափոխության ժամանակ փաստաթղթեր եմ գտել: Ես այդ փաստաթղթերով կկարողանամ պայքարել նրանց դեմ: Ես իմ ձեռին այժմ փաստաթղթեր ունեմ: Ես երեք քրեական գործով եմ անցել ու ոչ իմ մեղքով: Ես այժմ ընդամենը ուզում եմ աշխատել, հոգնել եմ պաշտպանվելուց»,-ասում է տնօրեն Արփինե Նիկողոսյանը:

Այն հարցին` արդյոք Արփինե Նիկողոսյանին չի խանգարում դաշնակցական լինելու հանգամանքը, վերջինս նշեց. «Ես քաղաքականությունից չեմ հասկանում ու չեմ էլ զբաղվում: Այդ կուսակցության մեջ ես հայրենասիրություն եմ տեսնում: Ընդամենը մեկ տարի է, ինչ կուսակցության մեջ եմ ու չեմ պատրաստվում լքել այդ կուսակցությունըե:

Իսկ Գոհար Շահբազյանը դատական պրոցեսներին զուգահեռ որոշել է լքել «Օրինաց երկիր» կուսակցության շարքերը: Թե ինչու, պարզել չհաջողվեց, քանի որ վերջինսի հետ կապ հաստատել չստացվեց: Սակայն ըստ Գոհար Շահբազյանի տարածած հայտարարության` նա իր քաղաքական գործունեությունը շարունակելու է արդեն ՕԵԿ-ից դուրս: Իսկ Գյումրիում լուրեր են շրջանառվում, որ վերջինս փորձելու է համալրել ՔՊ շարքերը:

Թիվ 38 դպորցի խնդրին նաեւ փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանն է տեղյակ: Վերջինս այցելել է դպրոց, սակայն ընդհարում է ունեցել ուսուցչական կազմի հետ, ինչից հետո դպրոցի տնօրենը իր բողոքը նամակով հայտնել է վաչապետին.«Այցելեցի դպրոց ու հորդորեցի, որ տնօրենը առավելագույն հանդարտություն պահպանի: Շարունակական կոնֆլիկտներ են այդտեղ: Հասկացա` մի քանի հոգի նախկին տնօրենի մտերիմներն են, մի քանի հոգի` ներկա տնօրենի, ու մի քանի հոգի էլ, մեղմ ասած, այդ ամեն ինչից զզված ու հոգնած լուռ ենթականերն են: Ես խորհուրդ տվեցի պահպանել առողջ մթոնոլորտ, որ երեխան չտուժի, ու նա էլ դիմել է վարչապետին: Դա, իհարկե, ինձ չի խանգարում արդար գործելուե»,-ասաց փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանը:

Այն հարցին, որ փոխմարզպետը մտերիմ հարաբերությունների մեջ է Գոհար Շահբազյանի հետ ու փորձում է օգնել նրան վերադառնալ աշխատանքի, Սոֆիա Հովսփյանը նշեց. «Ես Գոհար Շահբազյանի հետ ծանոթացել եմ 2011 թվականին, երբ վերապատրաստել եմ ներառական համակարգում աշխատող մասնագետներին: Ես մշտապես ասել եմ եւ ասելու եմ, որ շատ գոհ եմ եղել թիվ 38 եւ 7 դպրոցների ներառական կրթական համակարգից: Ես ընդամենը այդ օրերին եմ տեսել Գոհար Շահբազյանին, հիմա էլ որ տեսնեմ, երեւի չճանաչեմ»,-ասաց Սոֆիա Հովսեփյանը:

Հեղինե Մանուկյան
Գյումրի




Լրահոս