ՀՀԿ-ն իրեն դաշնակիցներ է գտել. կառավարության ու խորհրդարանի միջեւ հակամարտությունը գնալով ավելի է լարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս օգոստոսի 16-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ խոսել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելու իր տեսլականի մասին: Ըստ Սահմանադրության` պետք է խորհրդարանը երկու անգամ վարչապետ չընտրի, որպեսզի խորհրդարանը լուծարվի, եւ քանի որ այս տարբերակը վարչապետն այնքան էլ հուսալի չի համարում, նա խոսեց սահմանադրական փոփոխություններ անցկացնելու մասին, որից հետո խորհրդարանի արձակումը կարող է տեղի ունենալ նաեւ առանց վարչապետի հրաժարականի: Այսինքն` խորհրդարանը ինքն ընդունի ինքնալուծարման մասին որոշում:

Վերջերս էլ իր հերթական ուղիղ եթերի ժամանակ վարչապետը հայտնեց, որ հիմա աշխատում են սահմանադրական փոփոխությունների վրա: «Փաթեթը շուտով պատրաստ կլինի, եւ մենք այն կուղարկենք խորհրդարան: Այս համատեքստում կունենանք քաղաքական քննարկումներ, ինչպես նաև ժողովրդի հետ քննարկումների արդյունքում կգանք ընդհանուր որոշումների»,- նշել էր նա` հավելելով, որ մի բան ակնհայտ է` ամենաուշը հաջորդ տարվա մայիսին կամ հունիսի առաջին տասնօրյակում ՀՀ-ում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Եվ չնայած Նիկոլ Փաշինյանը նշում է, թե աշխատում են այդ փաթեթի վրա, սակայն խորհրդարանի ներսում ուժերի եւ հատկապես ՀՀԿ-ի մոտ այլ տրամադրություններ են: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ում եւ ոչ միայն այդ կուսակցությունում որոշել են, որ խորհրդարանը չպետք է լուծարվի, եւ որպես պատճառաբանություն բերում են այն հանգամանքը, որ խորհրդարանը բնականոն աշխատում է, կառավարությանը չի խոչընդոտում, ընդունում է նրանց բերած օրենքները, ինչու են ստիպում գնալ ընտրությունների:

Եվ պատահական չէ, որ նոր կառավարության ներկայացրած նախագծերը չնայած ՀՀԿ-ականների կողմից մասնագիտական թեժ քննադատության են արժանանում, սակայն նաեւ կողմ են քվեարկում, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե խոչընդոտում են նրանց աշխատանքը եւ այդպես նաեւ հիմքեր չթողնելով ինքնալուծարման պատճառների համար:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չնայած նշեց, թե կուսակցությում կամ խմբակցությունում դեռեւս պաշտոնական քննարկում կամ որոշում չունեն, սակայն ներկայացնելով իր անձնական տեսակետը` ընդգծեց, որ այս պահին խորհրդարանի ինքնալուծարման հիմքեր չկան: «Ազգային ժողովի լուծարման համար հիմքեր չկան:

Ազգային ժողովն իշխանության առանձին ճյուղ է, նա կառավարության, առավել եւս Փաշինյանի կցորդը չէ: Մենք ապրում ենք խորհրդարանական երկրում, իսկ այս համակարգում ոչ թե կառավարությունն է Ազգային ժողով ընտրում, այլ խորհրդարանն է ընտրում վարչապետին: Սահմանադրական ճգնաժամ չկա` մեկ, երկրորդը` խորհրդարանն իր գործունեությունն իրականացնում է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ», – նշեց նա:

Անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից միասնական որոշման կայացմանը` նա հայտնեց. «ՀՀԿ-ի օրակարգում նման բան չկա: Հանրապետականն իր աշխատանքային գրաֆիկով աշխատում է, եւ կոնկրետ հատուկ քննարկում չի եղել, բայց ես իմ կարծիքն եմ ընդգծում եւ քննարկման ժամանակ պնդելու եմ իմ կարծիքը: Այսօրվա դրությամբ, կրկնում եմ, այսօրվա դրությամբ, քանի որ չեմ կարող ասել, թե մի քանի ամիս անց ինչ կլինի, բայց այսօր ես խորհրդարանի ինքնալուծարման հիմքեր չեմ տեսնում եւ չկա»: Շարմազանովի խոսքով` Նիկոլ Փաշինյանի թիմը չի կարող բերել խորհրդարանի ինքնալուծարման քաղաքական կամ իրավական հիմքեր: «Միայն նրա համար, որ Փաշինյանին դուր չի գալիս ԱԺ-ի կազմը, քիչ է, որ ԱԺ-ն գնա ինքնալուծարման: Նա կարող է գնալ ինքնալուծարման, եթե անգործության է մատնվել:

Ինչ ինքնալուծարման մասին է խոսքը: Իրենց ներկայացրած հիմքերը բավարար չեն: Ամեն ինչ պետք է լինի օրենքով, այնպես չէ, որ մենք կառչած ենք աթոռներից: Նոր սահմանադրական փոփոխություններ միայն նրա համար, որ խորհրդարանը գնա լուծարման, հիմքերը չեմ տեսնում: Եթե չեք ցանկանում աշխատել, պարոն Փաշինյան, մի՛ աշխատեք: Եթե ուզում եք աշխատեք, մենք ձեզ արհեստական չենք խանգարում», – եզրափակեց նա:

Իսկ ահա ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության վարչության անդամ Լենա Նազարյանը ՀՀԿ-ին խորհուրդ է տալիս չշտապել ինքնալուծարման համար հիմքեր չտեսնելու հարցում` ասելով, թե նախագիծը ներկայացնելիս բերվելու են բոլոր քաղաքական հիմնավորումները: «Այս հարցի դեմ լինելու մասին իրենք շտապելով են ասում, քանի որ մենք կներկայացնենք քաղաքական հիմնավորումներ, թե ինչու է պետք, որ ԱԺ-ն լուծարվի: Եվ եթե իրենք հետեւողական են, քանի որ կողմ են քվեարկել կառավարության ծրագրին եւ իսկապես մտահոգ են, պետության շահերով են մտահոգ, ապա պետք է համաձայնեն քաղաքական ճգնաժամի առկայության հարցում», – նշեց նա:

Նազարյանը դժվարացավ պատասխանել` եթե ամեն դեպքում մեծամասնությունը դեմ լինի փոփոխությունների, ինչ է արվելու: «Իրենք ասում են` դեմ են, իրենք են վերջնական կարծիք հայտնում, բայց պետք չէ շտապել, քանի որ հիմնավոր փաստարկներ ենք ներկայացնելու: Առաջիկայում կներկայացնենք, մեզ էլ կլսեք, իրենց էլ»:

Եվ հաշվի առնելով, որ հասարակության մոտ էյֆորիան նվազում է, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը սայթաքումներ է անում` ՀՀԿ-ն եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ու մյուս հականիկոլական ուժերն ատամները սրած սպասում են, որ հեղաշրջում անեն: Եվ այս իրավիճակում հետաքրքիր է, թե ինչով կավարտվի Պուտին-Փաշինյան հանդիպումը, որը լարված ընթացք է ունենալու:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս