Երեկվանից մեկնարկեց Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Մարությանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ նաեւ ելույթ ունեցավ: Ընդ որում, ելույթի շեշտադրումները բավական ուշագրավ էին, նաեւ ինտրիգային:
Սկզբում Փաշինյանն անդրադարձավ ավագանու այս ընտրությունների «բացառիկ նշանակությանը»` պնդելով. «Այս ընտրություններում ժողովուրդը, ՀՀ քաղաքացին պետք է ընտրական տեղամասերում վերահաստատի այն հաղթանակը, որ նա տարել է Հանրապետության հրապարակում… Այս ընտրություններում խնդիրն այն չէ` Հայկ Մարությանն ընտրվելու է Երեւանի քաղաքապետ, թե ոչ: Խնդիրն այն է` ժողովուրդը հրապարակում տարած իր հաղթանակը վերահաստատելո՞ւ է արդյոք ընտրական տեղամասում, թե՞ ոչ»:
Բացի այդ, Փաշինյանը հայտարարեց. «Այսօր կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան, ու այսօր նրանք գնացել ԱԺ-ում, քուչեքում, ռեստորաններում բանակցում են ՀՀԿ-ականների հետ: Թե բա՝ տղերք, կլինի՞ դուք ձեր ընտրակեղծարար ռեժիմներով մեզ օգնեք, հաղթենք այս ընտրություններում, մենք էլ այնպես կանենք, որ ԱԺ-ն չի լուծարվի, դուք էլ մի քանի տարի մանդատ կունենաք: Այս ուժերը հեղափոխությունից հետո իրենց հայտարարեցին թունդ հեղափոխությունը պաշտպանող ուժեր, ովքեր հեղափոխությունից մեկ շաբաթ անց ասում էին՝ արա, մենք ենք արել այդ հեղափոխությունը: Մինչեւ այդ ասում էին՝ Սերժը լավ է, ի՞նչ եք ուզում մեր երկրի կայունությունից: Հիմա էլ ՀՀԿ-ի զորացրված քաղաքական գործիչների, ընտրակեղծարարների հետ համագործակցում են: Հարցազրույցների մեջ իմ անունն են տալիս, հեղափոխության անունն են տալիս, իսկ թաքուն ասում են՝ արեք դրանց քցենք»,- ասաց նա եւ ՀՀԿ-ից օգնություն խնդրողներին սթափության կոչեր ուղղեց. «Սթափվե՛ք գժուկներ, սթափվե՛ք»:
Թե ում նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, դժվար է միանշանակ ասել: Երեկ նա որեւէ անուն չհնչեցրեց ու չասաց, թե ով է ՀՀԿ-ականների հետ «քուչեքում, ռեստորաններում» բանակցում, դավադրություններ կազմակերպում:
Սակայն միանշանակ է, որ խոսքը վարչապետ Փաշինյանի կառավարության կազմում ընդգրկված ուժերի մասին է, որոնք ներկայացված են նաեւ ԱԺ-ում: Այսինքն՝ «գժուկներին սթափվելու» Փաշինյանի կոչն ուղղված էր կա՛մ ԲՀԿ-ին, կա՛մ ՀՅԴ-ին, կա՛մ «Լույս» դաշինք կազմած «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին: Այլ տարբերակ, թերեւս, չկա:
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ն հակված է այս ընտրություններում պաշտպանել «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանին: ՀՀԿ-ի մի հատվածն էլ տեղերում պաշտպանում է կոալիցիոն նախկին գործընկեր ԲՀԿ-ին: Պաշտոնապես ՀՀԿ-ն չի հայտարարել, թե ում է սատարելու, սակայն նույն «Լույս» դաշինքի անդամները չէին հերքել մեր լուրը, որ ՀՀԿ-ականները կարող է եւ իրենց աջակցեն:
Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում նաեւ տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ական պատգամավորական վերնախավը վերջերս մի հավաքի ժամանակ որոշում է կայացրել ու «հայհոյանք կերել», որ կողմ չեն քվեարկի խորհրդարանի ինքնալուծարման նպատակով ցանկացած նախաձեռնության, նրանք կարողացել են դաշնակիցներ գտնել ԱԺ մյուս խմբակցություններում՝ ԲՀԿ-ում եւ ՀՅԴ-ում: ԵՒ Փաշինյանի կառավարության մաս կազմող ուժերը, որ ժամանակին կողմ են եղել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը, հիմա փոխել են իրենց տեսակետը, նաեւ որպես փոխզիջում որոշել են քվեարկել կառավարության բերած բոլոր նախագծերին: Այնպես որ, «գժուկներին սթափվելու» Նիկոլ Փաշինյանի կոչը պատահական չէր, եւ կարող է հենց այս ամենի հետեւանք լինել:
Մինչ այդ «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ նրա հետ կառավարությունում համագործակցող, իսկ Երեւանի ավագանու ընտրություններում մրցակից ուժերից: Միայն թե, նկատենք, նրանք փորձում էին շրջանցել հարցը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունները: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն էլ նշեց, որ ինքը ծանոթ չէ Փաշինյանի հայտարարություններին. «Մենք չէ, որ պետք է մեկնաբանենք դա։ Ով որ արել է այդ հայտարարությունը, ինքն էլ պիտի ասի, թե ինչի եւ ում մասին է խոսքը»,- ասաց նա։ «Լույս» դաշինքը ներկայացնող Դավիթ Խաժակյանն էլ ասաց. «Ես որեւէ ելույթ չեմ լսել եւ մեկնաբանել պարզապես չեմ կարող»:
Հետաքրքրիր է՝ խորհրդարանում ընդգրկված այս ուժերն այսօր արդեն կարձագանքե՞ն Փաշինյանի հայտարարություններին, թե՞ ոչ:
Լուսինե Մինասյան
Արման Գալոյան