Փողերի վերադարձ. ՀՀ իշխանությունները պետք է համագործակցեն օֆշորային երկրների իրավապահ համակարգի հետ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ Շվեյցարիայի դատախազ Միշել Լաուբերի հանդիպումը: Նրանք քննարկել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր, միաժամանակ, ձեռք բերել պայմանավորվածություններ: ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ` Արթուր Դավթյանը շեշտադրել է «հատկապես փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները համապատասխան բանկային համակարգերի ներգրավմամբ Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես օֆշորային գոտիներ տեղափոխելու հանգամանքների բացահայտման գործում Հայաստանի եւ Շեյցարիայի դատախազությունների միջեւ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, փոխադարձ իրավական օժանդակության ցուցաբերման գործընթացների խթանման անհրաժեշտությունը: Ընդգծելով Հայաստանի հետ համագործակցությունը միջազգային հանցավորության դեմ պայքարում՝ Շվեյցարիայի գլխավոր դատախազը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել վերոնշյալ ուղղություններով ՀՀ իրավապահ մարմինների նախաձեռնություններին»: Նաեւ տեղեկանում ենք, որ հանդիպման արդյունքում երկու երկրների գլխավոր դատախազների միջեւ «ձեռք են բերվել գործնական եւ առարկայական պայմանավորվածություններ՝ մասնավորապես հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների հայտնաբերման եւ վերադարձման հարցում համագործակցության շուրջ»:

Նկատենք, որ սա կոռուպցիայի, ապօրինի հարստացման, փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ կարեւոր, բայց միեւնույն ժամանակ, ուշացած նախաձեռնություն է: Գաղտնիք չէ, որ ապօրինի հարստացած անձինք իրենց ունեցած գումարները գերադասում են պահել օֆշորային գոտիներում (այդ թվում շվեյցարական բանկերում): Ու եթե իշխանություններն իսկապես ցանկանում են կոռուպցիայի, ապօրինի հարստացման դեմ պայքարելի շրջանակներում ՀՀ-ից ապօրինի ճանապարհով դուրս բերված գումարները վերադարձնել, ապա առաջին քայլով պետք է համագործակցեն օֆշորային երկրների իրավապահ համակարգի հետ: Միաժամանակ, նկատենք, երեկվա հաղորդագրությունից պարզ չէր` ի՞նչ գործնական եւ առարկայական պայմանավորվածությունների մասին է խոսքը, որքանո՞վ են այդ պայմանավորվածություններն իրականանալի` հաշվի առնելով Շվեյցարիայի, եւ ընդհանրապես, միջազգային օրենսդրությունը: Ի վերջո, պատահական չէ, որ ապօրինի հարստացած անձինք իրենց գումարները գերադասում են պահել օշֆորային գոտիներում. այնտեղ ապահովված է բանկային հաշիվների, ֆինանսական գործարքների եւ ընկերությունների շահառուների անանունությունն ու գաղտնիությունը: Ուստի այդ հարցը կարեւոր է: Հուսանք, սա չի արվել ընդամենը քարոզչական նպատակներով:




Լրահոս