Էժան թատրոնի մասնակից չդարձանք. մարտի 1-ին զոհվածի մայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008 թվականի  մարտի 1-2-ի արյունալի դեպքերի ժամանակ տասը ցուցարարներ զոհվեցին։ Այժմ, երբ տասը տարվա վաղեմության դեպքերի շրջանակում կրկին հարցաքննություններ են տեղի ունենում, ինչպես նաեւ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ԶՈՒ Երեւանի կայազորի նախկին պետ, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, մարտի 1-ի զոհերի հարազատները հույս ունեն, որ ի վերջո թնջուկը կբացվի։ Նշենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր զոհերի ծնողների հետ եւ հորդորել համբերությամբ լցվել՝ հավաստիացնելով, որ գործը բացահայտվելու է։ Մարտի 1֊ի գործի վերաբացման, դրանից ակնկալիքների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Մարտի 1֊ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մոր՝ Ալլա Հովհաննիսյանի հետ։                                         

-Տիկի՛ն Հովհաննիսյան, Տիգրանը Ձեզ պատմո՞ւմ էր, որ գնում է հավաքների։ Ի՞նչ գիտեիք այդ ամենի մասին։  

-2008 թվականին Տիգրանը սկզբում Արթուր Բաղդասարյանի կողմնակիցն էր, մասնակցել էր նրանց նախընտրական հանրահավաքին, բայց հետո Լեւոն Տեր֊Պետրոսյանին ընտրեց։ Որդուս հետ միշտ խոսում էինք հետընտրական զարգացումներից, բայց նա երբեք չէր ասել, որ մասնակցում է հավաքներին։  Ես հետո իմացա, նկար կար իր հեռախոսի մեջ։ Բայց երբ Արթուր Բաղդասարյանը միացել էր Սերժ Սարգսյանին, Տիգրանը սարսափելի զայրացած էր։ Մենք Մարտի 1֊ին ենք խոսել Մյասնիկյանի արձանի մոտ իջնելու մասին։ Դե ես դեմ էի, իսկ ինքն ասաց, որ պետք է ժողովրդի կողքին կանգնի։                                 

-Ի՞նչ սպասումներ ունեիք անցած տասը տարիների ընթացքում։                                  

-Այս տասը տարիների ընթացքում միշտ երազել եմ հեղափոխության  մասին եւ հավատացել։            

-Իշխանափոխությունից հետո երբ գործը վերաբացվեց, բացահայտման ակնկալիք կա՞ր։       

-Ես միշտ պատրաստ եմ եղել կանգնել բոլոր նրանց կողքին, ովքեր հեղափոխություն կանեին։ Եվ երբ Նիկոլ Փաշինյանը հաղթեց, հաջողություն ունեցավ, ես համոզված էի, որ Մարտի 1֊ի գործը բացահայտվելու է։                   

-Հիմա ներկայիս իրավիճակը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներգրավումը գործին Ձեզ գոհացնո՞ւմ է։     

-Ես Քոչարյանի կալանավորումից շատ էի ոգեւորվել։ Բայց հետո, երբ նրան ազատ արձակեցին, մեծ հիասթափություն ապրեցի դատական համակարգից։                           

-Եւ ի՞նչ եք կարծում, ովքե՞ր պետք է պատասխանատվություն կրեն մարտի 1-ի համար:

– Պետք է պատասխանատվություն կրեն Հայկ Հարությունյանը, Միքայել Հարությունյանը, Բաղդասարովը, Վահագն Հարությունյանը, ՀՔԾ նախկին պետը ու էլի շատերը։

– Ի դեպ, Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարան ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած բողոքի կապակցությամբ նաեւ մարտի 1-ի զոհերի ծնողներն են համապատասխան բողոք-միջնորդագիր ներկայացրել: Մինչդեռ 7-ի գործով, երբ ընդդիմությանն էին մեղադրում այդ ամենը կազմակերպելու մեջ, դատարանում զոհերի հարազատները կանգնեցին 7-ի գոծով մեղադրյալների կողքին, չբողոքեցիք նրանց դեմ:

-Այո, երբ յոթի գործի ժամանակ մեզ որպես տուժող ընդգրկեցին,  իշխանությունները մտածում էին, որ մենք իրենց էժան թատրոնի հերոսները կդառնանք եւ կմեղադրենք ընդդիմության ներկայացուցիչներին։ Բայց մենք այդպես չարեցինք։ Բայց երբ մենք ծնողներով պատռեցինք իշխանության եւ դատավորների դիմակը, մեզ արդեն տարբեր պատրվակներով անգամ դատարան չէին ուզում թողնել։ Իսկ հետո գործերն առանձնացրին եւ մինչեւ հեղափոխությունը մնացին նախաքննության փուլում։

-Ի՞նչ եք կարծում՝ նոր իշխանությունը Մարտի 1֊ի դեպքերը կբացահայտի՞ ամբողջությամբ։ 

-Ես ամբողջությամբ հավատում եմ Նիկոլ Փաշինյանին։ Կարծում եմ՝ Մարտի 1-ը, դրա բացահայտումը նրա համար  շատ կարեւոր է։  Համոզված եմ, որ կբացահայտվի, բայց մեր դատավորները այսօր դեռ Սերժ Սարգսյանի համակարգի մնացորդներն են, եւ այստեղ նույնպես հեղափոխություն է անհրաժեշտ։ Ես սպասելիք ունեմ, ունեմ պահանջ Վճռաբեկ դատարանից, որ Քոչարյանը նորից կալանավորվի։ Եվ ոչ  միայն Քոչարյանը, այլեւ Սերժ Սարգսյանը եւ ուրիշներ։ Ինձ համար հեղափոխությունը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Մարտի 1-ի բոլոր հանցագործները   ստանան իրենց արժանի պատիժը։                                   

-Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս