Ժամը 19:00-ի դրությամբ «Անկախ դիտորդ» դաշինքը մի քանի խախտումներ է գրանցել։
Մալաթիա֊Սեբաստիա վարչական շրջանի 7/38 ընտրատեղամասում գրանցվել է քվեարկության ծրարն առանց դրոշմանիշի քվեատուփի մեջ գցելու դեպք: Հանձնաժողովի նախագահը որոշել է նոր քվեաթերթիկ տրամադրել ընտրողին:
Շենգավիթ վարչական շրջանի 8/5 ընտրատեղամասում տարածքային հանձնաժողովի նախագահը փորձել է խոչընդոտել 1in.am կայքի լրագրող Դիանա Դավթյանի աշխատանքը, երբ վերջինս, հարցազրույց վերցնելով հանձնաժողովի քարտուղարից, փորձել է զրուցել նաև «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի հետ:
Նոր Նորքի 2/48 տեղամասում ԲՀԿ վստահված անձը շփվում է ընտրողների հետ, քվեարկելուց հետո ընտրողները ինչ֊որ նշաններ են տալիս նրան։ Վստահված անձը շատ լարված է, անընդհատ դուրս է գալիս, խոսում հեռախոսով։
Մի շարք դեպքեր են գրանցվել նաև՝ կապված դիտորդների աշխատանքը խոչընդոտելու հետ:
Մասնավորապես, Արաբկիր վարչական շրջանի 4/20 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ոստիկանություն կկանչի միայն այն բանի համար, որ դիտորդը, իր խոսքով, չարաշահել է լիազորությունները՝ նստելով հանձնաժողովի նախագահի աթոռին։ Շրջիկ խումբ է ուղարկվել, և ժամը 19:00֊ի դրությամբ ոստիկանություն չի հրավիրվել։ Դեպքի զարգացումների մասին կտեղեկացնենք հետագա հաղորդագրություններում։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 3/19 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը դեռ առավոտից ուշադրության կենտրոնում է պահել դիտորդին նրա տարբերվող արտաքինի պատճառով։ Նույն դիտորդը նկատել է խախտում, երբ քվեախցիկում երկու մարդ է եղել: Երբ փորձել է արձանագրել, հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել, ապա վերջինս շարունակել է հոգեբանական ճնշում գործադրել և վիրավորանքներ հնչեցնել դիտորդի հասցեին: Ընդհանուր առմամբ ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որի պայմաններում դիտորդը չի կարողացել շարունակել աշխատանքն ու հեռացել է ընտրատեղամասից։
Շենգավիթ վարչական շրջանի 8/29 ընտրատեղամասում ևս լարված մթնոլորտ է առաջացել։ Հանձնաժողովի նախագահը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել դիտորդի հասցեին, ապա ոստիկանության աշխատակցին հրահանգել բացատրություն վերցնել դիտորդից՝ իբր վերջինս կեղծ ահազանգ է տվել։ Ոստիկանության աշխատակիցը հանձնաժողովի նախագահի հրահանգով փորձել է բացատրություն վերցնել, սակայն դիտորդը հրաժարվել է։ Հանձնաժողովի նախագահն այնպիսի սպառնալիքի մթնոլորտ է ստեղծել, որ դիտորդը նույնիսկ չի կարողանում խախտումների մասին գրառումներ կատարել գրանցամատյանում։