Գյուղապետի կինը` և՛ մրցույթ կազմակերպող, և՛ հաղթող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արմավիրի մարզպետարանը Նոր Արմավիրի համայնքապետարանում անցկացրած ստուգումների արդյունքում բավական լուրջ խախտումներ է հայտնաբերել:

Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվարի 26-ի աճուրդ վաճառքով գյուղատնտեսական նշանակության հողատեսքը գնվել է աճուրդի կազմակերպչի դստեր կողմից: Ըստ մարզպետարանի` այս դեպքում չի պահպանվել ՀՀ սակարգությունների մասին օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները եւ ՀՀ հողային օրենսգրքի 68 հոդվածի պահանջները: Իսկ հայտերի գրանցամատյանը աճուրդից 3 օր առաջ չի փակվել եւ վավերացվել աճուրդի կազմակերպչի կողմից:

Բացի այս, Նոր Արմավիրում 2016 թվականի նոյեմբերի 14-ին կայացել է կառուցապատման իրավունքի տրամադրման մրցույթ` 0,4116 հա եւ 0.4577 ջրային տարածքների վրա: Իսկ մրցույթում հաղթող է ճանաչվել Հերմինե Մխիթարյանը, ով մրցույթի կազմակերպչի` համայնքի ղեկավարի կինն է:

Նոր Արմավիրի գյուղապետը, համայնքի ավագանու 2016 մարտի 25-ի թիվ 2 նիստի թիվ 2 որոշումը հիմք ընդունելով, սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն է տրամադրել իր որոշմամբ այն դեպքում, երբ համայնքի ղեկավարի ներկայացմամբ կամավոր լիազորությունների կարգը ավագանու նիստում հաստատվել է 2018 թվականի ապրիլի 12-ը: Արդյունքում Նոր Արմավիրի գյուղապետարանը չի պահպանել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը: Մեզ հայտնի դարձավ, որ 2016 եւ 2017 թվականներին հատկացվել է 2 մլն դրամի չափով սոցօգնություն, իսկ 2018-ի սեպտեմբերի 6-ի դրությամբ հատկացվել է 490 հազար դրամի սոցօգնություն:

Արմավիրի մարզպետարանից տեղեկացանք նաեւ, որ տնամերձ հողամասի վրա առանց շինթույլտվության, գյուղի բնակիչ Լեւոն Դարբինյանի կողմից կառուցվում է ինքնակամ հասարակական շինություն:

Մինչդեռ գյուղապետը պետք է կանխարգելեր եւ կասեցներ ինքնակամ շինարարությունը եւ սահմանված կարգով ապահովեր դրանց հետեւանքների վերացումը: Ավելին, գյուղի միջնակարգ դպրոցի կիսակառույց մասնաշենքը վերանորոգվել է որպես նախակրթարան, բայց օգտագործվում է որպես մանկապարտեզ: Այս դեպքում եւս չի կանխվել շենքերի, շինությունների գործառնական նշանակությանը ոչ համապատասխան օգտագործման դեպքը:

Իսկապես, այսօր Հայաստանում դժվար է գտնել մի ոլորտ, որտեղ նախկին իշխանությունների օրոք կոռուպցիոն դրսեւորումներ եղած չլինեն:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս