ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Հայաստան քննարկվել է, բայց դժվար թե այն տեղի ունենա մինչև տարեվերջ, հավանաբար այն տեղի կունենա 2019-ին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Իսկապես, այցի կազմակերպման հարցեր քննարկվել են, բայց կոնկրետ ժամկետներ դեռ չեն նշվում»,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ ասել է նա:
«Նկատի ունենք այն, որ նախագահները, հավանաբար, կհանդիպեն ոչ միայն Դուշանբեում (ԱՊՀ գագաթաժողովում), այլև Աստանայում ՀԱՊԿ նստաշրջանի ժամանակ: Դա մեկ, իսկ բացի այդ, դեկտեմբերին Մոսկվայում նախատեսված է ԵԱՏՄ գագաթաժողով, ինչը ևս հնարավորություն կընձեռի առաջնորդներին կարճ զրուցել: Հայաստանի այցի և դրա ժամկետների հարցը դեռ չի քննարկվում… կարծում եմ, նպատակահարմար է այս հարցում դիտարկել 2019 թվականը»,- նշել է Ուշակովը:
Նշենք, որ այսօր ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Հայաստան կժամանի մոտ ժամանակներս: