Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խոր Վիրապ վանքի նյութական բաժնի պատասխանատու Վարուժան Խաչիկյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրան յուրացման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել:
Եվ այսպես, պարզեցինք, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ Վարուժան Խաչիկյանը 2005թ-ի հուլիսի 13-ին աշխատանքային պայմանագիր է կնքել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ եւ աշխատանքի է անցել Խոր Վիրապ վանքի գրատանը որպես գրավաճառ:
Ավելի ուշ` 2009թ-ի մայիսի 1-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Խոր Վիրապ վանքի գրատան գրավաճառ Վարուժան Խաչիկյանի միջեւ կնքվել է լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր, որով Վարուժան Խաչիկյանի վրա դրվել է պատասխանատվություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից նրան հանձնված գրականության, գեղարվեստական արժեք ունեցող ապրանքների պահպանության, հաշվառման, հսկողության իրականացման:
Ու նա էլ, օգտվելով առիթից, 2015թ-ի օգոստոսի 28-ից մինչեւ 2016թ-ի հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի` 6 միլիոն 779 հազար 780 դրամ ինքնարժեքով եկեղեցական պարագաներ: Ուշագրավն այն է, որ այս ամենը անելուց հետո նախաքննություն իրականացնող մարմինը բացահայտել է, որ նա իր սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Արդյունքում այս ամենի համար նախաքննություն իրականացնող մարմինը Վարուժան Խաչիկյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի առաջին կետի` Յուրացնելը կամ վատնելը, հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը խոշոր չափերով պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա, հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:
Քնար Մանուկյան