Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի սեպտեմբերի 30-ի «Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» N79-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի հոկտեմբերի 4-ի «Երևանի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին» N1 արձանագրությունը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի և Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 102-րդ կետի համապատասխան՝ գումարվել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը: Ավագանու 65 անդամներից նիստին ներկա են եղել 60-ը: Նախքան նիստը սկսվելը, սահմանված կարգով գրանցվել են Երևանի ավագանու «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» խմբակցությունների անդամները:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` նորընտիր ավագանու անդրանիկ նիստը նախագահող, ավագանու տարիքով ավագ անդամ Լիլիթ Պիպոյանը ներկայացրել է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` Երևանի ավագանու ընտրությունների արդյունքով ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին ստացած «Իմ քայլը կուսակցությունների դաշինք»-ի համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Հայկ Մարությանը օրենքի ուժով ընտրվել է Երևանի քաղաքապետ: Ըստ այդմ, նիստի վարելու իրավունքը, օրենքով սահմանված կարգով, փոխանցվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:
Նախքան օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է բոլորին աշխատանքային առաջին օրվա առթիվ և համոզմունք հայտնել, որ ավագանու այս կազմով, միասնական աշխատանքի արդյունքում կարվի հնարավորը, որպեսզի երևանցիների բոլոր խնդիրներին լուծումներ տրվեն:
«Սա շատ հուզիչ պահ է և ես իրոք երջանիկ եմ, որ մենք՝ ավագանու անդամներս, այսօր ներկայացնում ենք մեր Երևանի բնակիչներին և այս ամենը տեղի է ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով: Մենք բոլորս միասին ունենք պատմական հնարավորություն` ի կատար ածելու այն բոլոր երազանքները, որ մենք տարիներ շարունակ ունեինք, որ ունեն մեր Երևանի բնակիչները՝ մեր հարազատ երևանցիները:
Եվ ես վստահ եմ, որ այս ավագանու կազմով, անկախ կուսակցական պատկանելիությունից, մենք կանենք այնպես, որպեսզի երևանցիներն ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե և ամեն վայրկյան ժպտան: Երևանի ավագանու ամբողջ կազմը ես դիտարկում եմ որպես մեկ մարմին և չեմ տարբերակում ըստ խմբակցությունների, որովհետև մենք բոլորս՝ ավագանու 65 անդամներով պետք է աշխատենք միասին, պետք է ամեն վայրկյան մտածենք մեր քաղաքի մասին, մեր երևանցիների մասին: Ես խնդրում եմ ավագանու բոլոր անդամներին միշտ ուշադիր լինել մեր Երևանի բնակիչների բոլոր խնդիրներին, բոլոր ահազանգերին անհապաղ արձագանքել և բոլոր հարցերը քննարկել ու անհապաղ լուծումներ տալ դրանց»,- նշել է Հայկ Մարությանը:
Օրակարգի համաձայն, Երևանի ավագանին հաստատել է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը: Քվեարկության արդյունքում ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամներ են նշանակվել «Իմ քայլը» խմբակցությունից Էդուարդ Ավետիսյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Մարկոս Հարությունյանը և «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը:
Օրակարգի հաջորդ հարցով Երևանի ավագանին հաստատել է Երևանի քաղաքապետի երդմնակալության առթիվ ավագանու նիստ գումարելու օրը:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ Երևանի քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է ընտրվելուց հետո, օրենքով սահմանված կարգով, երրորդ օրացուցային օրը հրավիրված ավագանու նիստում` Երևանի բնակիչներին տրված երդմամբ: Ավագանու որոշմամբ՝ Երևանի ընտրված քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին` ժամը 12-ին, Երևանի ավագանու հատուկ հրավիրված նիստում։
Երևանի ավագանին քվեարկությամբ հաստատել է նաև մշտական հանձնաժողովների կազմը: Կանոնակարգի համաձայն՝ ավագանու մշտական չորս հանձնաժողովներից, քվեարկության համաձայն, Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից Աշոտ Մնացականյանը, տեղակալ՝ Լևոն Հովհաննիսյանը, Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից Սաթենիկ Մկրտչյանը, տեղակալ՝ Հակոբ Մելիքյանը, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից Արսեն Կարապետյանը, տեղակալ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Մարկոս Հարությունյանը, ավագանու Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից Արուսյակ Ջուլհակյանը, տեղակալ՝ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:
Երևանի ավագանին որոշել է ավագանու հերթական նիստը հրավիրել նոյեմբերի 13-ին:
Հիշեցնենք, որ ԿԸՀ որոշման համաձայն՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը ընտրությունների արդյունքում ստացել է 57 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 5 և «Լույս» դաշինքը՝ 3 մանդատ:
Նիստի ավարտից հետո Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն