Հարց քաղաքացիներից` ինչպե՞ս հնարավոր է ստանալ համատեղ ավանդը, եթե ավանդատուներից մեկը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես եւ ամուսինս համատեղ ավանդ ենք դրել բանկում: Ամուսինս մահացել է: Ես ուզում եմ իմանալ` ինչպես կարող եմ ստանալ մեր ավանդի գումարը: Նշեմ, որ գրքույկը ամուսնուս անունով է:

Հունանյան Խասենիկ (ք. Երեւան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ձեր մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ներդրված ավանդի փոխhատուցման համար կարող եք գրանցվել, եթե համապատասխանում եք հետեւյալ չափորոշիչներից որեւէ մեկին`

1) մինչեւ 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

2) ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք, այդ թվում եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում:

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:

Նշված սոցիալական կարգավիճակներից որեւէ մեկին բավարարելու դեպքում կարող եք դիմել Ձեր փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին):

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե ավանդատուն ունի ավանդներ մի քանի բանկերում, ապա նրա ավանդները երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում առավելագույն սահմանաչափով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս