Հոկտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության վարչության մի խումբ անդամների։
ԱԳՆ ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամների այցն Արցախ, որը հնարավորություն է տալիս ծանոթանալու Արցախի պատմությանը, մշակույթին, ինչպես նաև արցախցիների առօրյային։
Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները։ ԱԳՆ ղեկավարը, մասնավորապես, անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին և դրա շուրջ Արցախի դիրքորոշմանը, ինչպես նաև հանրապետության միջազգային ճանաչման և արտաքին կապերի զարգացման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումներին։
Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախում կարևորում են ֆրանսախոսության զարգացումը, որի նպատակն է հաղորդակից լինել ֆրանսիական մշակույթին ու լեզվին և մաս կազմել ֆրանկոֆոն ընտանիքի։ Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է, որ Արցախում ամբողջովին կիսում են Ֆրանկոֆոնիայի գաղափարներն ու արժեքները, մասնավորապես, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սկզբունքները։
Մասիս Մայիլյանը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին։