ՀՀ նախագահը մայիսից կուտակված իր աշխատավարձը կտրամադրի «Հայաստան» համահայկական հիմնադրամին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը 2018-ի մայիս ամսից հավաքված և կուտակված իր աշխատավարձը կտրամադրի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Հոկտեմբերի 18-ին այս մասին Արմեն Սարգսյանը հայտնել է հիմնադրամի աշխատակիցների հետ զրույցում։

«Ես 2018թ.-ի մայիսին մեր ընդհանուր ժողովի ժամանակ իմ հավատքը հիմնադրամի և նրա ծրագրերի նկատմամբ արտահայտեցի շատ պարզ ձևով՝ որ ես պատրաստ եմ իմ աշխատավարձը տրամադրել հիմնադրամին։ Ցավոք, քանի որ այս բոլոր իրադարձությունները տեղի էին ունենում, իմ աշխատավարձը հավաքվում էր, բայց չէր տրամադրվում։ Հավաքված ու նորացված այս աշխատավարձը մոտակա օրերին կտրամադրվի հիմնադրամին, որպեսզի իմ փոքր ներդրումը բերեմ մեծ և կարևոր խնդիրների լուծմանը»,- ասաց Սարգսյանը։

Որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Արմեն Սարգսյանը նաև հստակ հանձնարարականներ տվեց հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրենին ու աշխատակազմին ։

«Իհարկե ես իմ սեփական տեսլականն ունեմ, բայց, ի վերջո, տեսլականը պետք է գա բուն աղբյուրից։ Եթե մայիսին ես խնդիր էի դրել հիմնադրամի առջև, որ երկու-երեք ամսում ինձ ներկայացնեն իրենց տեսլականը, ապա հիմա այդքան առատաձեռն չեմ լինելու, քանի որ ժամանակն առաջ է շարժվում ու այս անգամ կխնդրեմ, որ տեսլականը ներկայացվի ընդամենը մեկ ամսվա կամ մեկ ամսից ավելի քիչ ժամկետում:

Կարծում եմ՝ տեսլականը ձևավորելու համար պետք չեն ամիսներ և տարիներ, որովհետև վստահ եմ, որ կան տեսլականի հիմնական սկզբունքները: Ներկայացրեք ձեր տեսլականը, որից հետո արագ կքննարկենք և այդ քննարկումը կդառնա հանրային, որովհետև հիմնադրամը ողջ հայ ժողովրդինն է։ Հին աշխատանքի ձևերն այլևս էֆեկտիվ չեն։ Հիմնադրամը երկու տասնյակից ավելի տարիների գործունեության ընթացքում բազմաթիվ հաջողությունների է հասել, բայց դա չի նշանակում, որ նույն մոդելը կարող է կրկնվել դարեր։ Ժամանակն է, որպեսզի հիմնադրամը զբաղվի ինքնագնահատմամբ»,- նշեց նախագահը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հիմնադրամում առաջին հերթին ցանկանում է տեսնել սփյուռքահայ երիտասարդ աշխատակիցների ու կամավորների։

«Հիմնադրամում պետք է աշխատեն նաև սփյուռքահայեր, պետք է աշխատեն սփյուռքահայ կամավորներ, որոնց ներկայությունը ևս մեկ անգամ ցույց կտա, որ հիմնադրամն իրական համահայկական կառույց է։ Իրենք ունեն նոր մտքեր, նոր գաղափարներ, այլ մշակույթից են գալիս: Ես միշտ մշակույթների համախառնման ջատագովն եմ, որովհետև այդ մշակույթների միախառնումն ի վերջո ավելի բարձր մշակույթ է ստեղծում։ Հիմնադրամի ներսում այդ նոր շունչը շատ լուրջ գործոն կարող է դառնալ հիմնադրամի թռիչքաձև զարգացման համար»,- ասաց Արշամյանը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շրջեց հիմնադրամի աշխատասենյակներով ու ծանոթացավ աշխատակիցների հետ։




Լրահոս