Հարց քաղաքացիներից` ինչպե՞ս է վճարվում մեքենայի գույքահարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուզում եմ մեքենայիս պետհամարանիշերը 6 ամսով հանձնել ճանապարհային ոստիկանությանը: Այսինքն` ես իմ մեքենան օգտագործում եմ ընդամենը 6 ամիս` կես տարի: Խնդրում եմ` ասեք` այս դեպքում գույքահարկի վճար ես ամբողջ տարվա համար պե՞տք է վճարեմ, թե՞ ընդամենը 6 ամսվա: Օրինակ` տեխզննման դեպքում կես տարվա համար վճարում եմ գումարի կեսը:

Զավեն Հարությունյան (54 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ-ի տարածքում հաշվառված ավտոմոբիլի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության` պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` վարչական տուգանք նախատեսող պատասխանատվության կիրառումից զերծ մնալու համար, համաձայն ՀՀ կառավարության 2010թ. սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման N 2 հավելվածի 20-րդ կետի, տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար տրանսպորտային միջոցի սեփականատերը կարող է դիմել Ճանապարհային ոստիկանության տարածքային ցանկացած հաշվառման-քննական ստորաբաժանում եւ հանձնել հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքահարկի գծով պարտավորությունն առաջանում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տրանսպորտային միջոցի հաշվառումից ժամանակավոր հանումը չի ենթադրում դրա նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցում` տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելուց հետո չի դադարում գույքահարկի գծով պարտավորությունը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ մեքենայի գույքահարկը, անկախ օգտագործել-չօգտագործելու հանգամանքից, ենթակա է վճարման մեկ ամբողջ տարվա համար: Հերթական անտրամաբանական ու անիմաստ գործող օրենքը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս