Հայաստանում երեկ կազմակերպված «Եվրասիական շաբաթ 2018» ֆորումը զերծ չմնաց սյուրռեալիստական դրսեւորումներից: Մասնավորապես, այդ ֆորումի շրջանակներում ելույթ է ունեցել նաեւ Տիգրան Սարգսյանը, նույն Տիգրան Սարգսյանը, որ ոչ վաղ անցյալում (2008-2014թթ) Հայաստանում զբաղեցնում էր ՀՀ վարչապետի պաշտոնը, իսկ հիմա ԵԱՏՄ կոլեգիայի նախագահն է: Նույն Տիգրան Սարգսյանը, որի վարչապետության տարիներին երկրի տնտեսությունը սոսկալի արագությամբ անկում ապրեց: Նույն Տիգրան Սարգսյանը, որ մինչեւ 2013թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսը միջազգային մամուլը հեղեղել էր ԵԱՏՄ նախորդին՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության անհնարինության մասին հարցազրույցներով եւ հոդվածներով:
Հիշում եք, չէ՞, նա պնդում էր, որ չունենալով ընդհանուր սահմաններ` Հայաստանը չի կարող մաքսային միության անդամ լինել, դա արդյունավետ չէ, անգամ անհնար է: Բայց երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը ՀՀ անդամակցության մասին, Տիգրան Սարգսյանը սկսեց հակառակը համոզել:
Բայց վերադառնանք «Եվրասիական շաբաթ 2018» խորագրով երեկվա ֆորումին: Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե ԵԱՏՄ-ն նպատակ ունի համաշխարհային շուկա դուրս գալ եվրոպական ճանաչելի ու վստահելի բրենդերով: Հայտարարել է, թե խնդիր է կոոպերացիաների զարգացումն ու տնտեսության տարբեր ճյուղերի համագործակցությունը: Նաեւ խոսել է մեգագործընկերության մասին. «Ուղիղ բիզնես երկխոսության հաստատման հնարավոր ուղիներից մեկը շուկայի մասնակիցներն ու փորձագետները տեսնում են Եվրասիայի տարածքում նոր տնտեսական մեգագործընկերության՝ Եվրասիական մայրցամաքային գործընկերության հաստատմամբ»,–ասել է Տիգրան Սարգսյանը:
Կարճ ասած` նա խոսել է բավական հավակնոտ ծրագրերից, որոնք եթե իրականություն դառնան, ապա հաստատ ոչ Տիգրան Սարգսյանի շնորհիվ. այդ ծրագրերն իրականացնողն ինքը չէ, այլ ԵԱՏՄ անդամ պետությունները, եւ ընդհանրապես ԵԱՏՄ-ում մեծ է ՌԴ-ի դերակատարությունը: Իսկ Տիգրան Սարգսյանը, հիշում եք` դեռ իր վարչապետության տարիներին Հայաստանում քանի հավակնոտ ծրագրեր թվարկեց, որոնք այդպես էլ մնացին օդում կախված. մեկ այծի պանիրն էր համաշխարհային բրենդ դարձնում, մեկ՝ Գյումրին տեխնոքաղաք, մեկ՝ Դիլիջանը ֆինանսական, իսկ Ջերմուկը` զբոսաշրջության կենտրոն եւ այդպես շարունակ: Եթե անկեղծ, այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ ի սկզբանե պարզ էր, որ նրա ասածներն իրականության հետ կապ չունեն: