«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արագածոտնի նորանշանակ մարզպետ Դավիթ Գեւորգյանն իր պաշտոնավարման այս կարճ ընթացքում հասցրել է յուրացնել պետական բյուջեից հնարավորինս շատ գումարներ կորզելու օրենսդրական հնարավորությունները: Նա ամեն կիրակի իր անվամբ գործուղումներ է ձեւակերպում ու այդպես մեկնում է մարզի տարբեր համայնքներ:
Արդյունքում մսխվում են պետբյուջեի միջոցները, որովհետեւ եթե մարզպետը աշխատում է հանգստյան օրերին, ապա դա նշանակում է՝ օրենսդրության համաձայն վարձատրվում է կրկնակի, նաեւ պետությունից լրացուցիչ բենզին է ստանում: Այդ իսկ պատճառով ամեն կիրակի մարզպետը գործուղումները կազմակերպում է հենց կիրակի օրերին, այնինչ այդ ամենը նա կարող էր անել շաբաթվա մյուս աշխատանքային օրերին: Այնուամենայնիվ, նշենք, որ սրանով որեւէ օրենք չի խախտվում, եւ ամեն բան արվում է օրենքի սահմաններում:
«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի մասին փորձեց պարզաբանում ստանալ մարզպետ Դավիթ Գեւորգյանից: Վերջինս չհերքեց այդ ամենը, միայն նշեց, որ մարզպետարանի աշխատանքները կազմակերպվում են միայն ՀՀ օրենսդրությանը համապատասխան, եւ մարզպետարանը չի պատրաստվում օրենքներ խախտել: