Գյումրիում վերջին ամիսներին նվազել է սեփական եկամուտների հավաքագրման ծավալը: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը գոհացնող չէ, այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցին հայտնեց Գյումրու քաղաքապետարանի Բյուջեի եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետի ԺՊ Սուրեն Ջանոյանը: «Մարդիկ ավելի շատ սպասում են տարեվերջին: 100 տոկոսով չենք հավաքագրել, բայց ակնկալում ենք, որ գոնե տարեվերջին մարդիկ կվճարեն հարկերն ու տուրքերը»,-ասաց Սուրեն Ջանոյանը:
Իսկ Գյումրում լուրեր են շրջանառվում, որ վճարումներ չկատարելու թիվ մեկ պատճառը հետհեղափոխական տրամադրություններն են: Մարդիկ հույս են փայփայում, որ որոշակի զիջումներ ու փոփոխություններ կլինեն, եւ ստիպված չեն լինելու մեծ գումար վճարել համայնքային բյուջե: «Չեմ կարող ասել հեղափոխությունը կապ ունի, թե ոչ, կարծում եմ` ով ունի, վճարում է, իսկ չվճարողները մշտական չվճարողներն են: Բայց կարող եմ ասել, որ հեղափոխությունից հետո տրամադրություն է փոխվել: Մենք մշտապես աշխատում ենք հասարակության հետ: Մարզպետարանից մեր մոտ մեծ թվով ծանուցումներ են գալիս, մենք էլ ուղարկում ենք համապատասխան մարդկանց, կամ էլ փորձում ենք դատական կարգով ստանալ այդ գումարները»,-ավելացրեց Սուրեն Ջանոյանը:
Այն, որ Սամվել Բալասանյանը թողնելու է պաշտոնը, եւս հույս է ներշնչում հարկատուներին վճարումներ չկատարել: Հույսը կրկին փոփոխություններն ու հարկերի չափերի նվազեցումն է: Հանրապետության ամենաաղքատ մարզում, որտեղ գումար վաստակելու հիմնական միջոցը մանրածախ առեւտուրն է, գերխնդիր է պարտաճանաչ վճարումներ կատարել: «Ի՞նչ ենք աշխատում, որ կարողանանք հարկ մուծել, մի քառակուսի մետր տարածք ենք վերցրել, ո՛չ առեւտուր կա, ո՛չ գումար, տարին էլ վերջանում է, թե ոնց ենք ամբողջ տարվա կուտակված հարկերը տալու, չգիտենք»,-մեզ հետ զրույցում ասաց Շահումյան փողոցում մանրածախ առեւտրով զբաղվող քաղաքացիներից մեկը:
Նշենք, որ Գյումրի քաղաքը սեփական եկամուտներ կատարել են 85.5%: Արթիկ քաղաքում ավելի բարձր ցուցանիշ է գրանցվել` 87.3%: Սրանք վերջին 9 ամիսների ցուցանիշներն են: Մարզի թվով 23 համայնքներ չեն ապահովել 2018թ. ինն ամիսներին արձանագրված սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը` 80.3%-ը: 2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել է 80.3%-ով, 56.3%-ով: Նախատեսված 1,806,300.7 հազ դրամ սեփական եկամուտներից ընդամենը հավաքագրվել է 1,449,773.5 հազ. դրամ: Սեփական եկամուտների թերակատարումը կազմում է 356,527.2 հազ. դրամ:
2018թ. սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Աշոցքի տարածաշրջանում` 63.1%:
Հեղինե Մանուկյան
Գյումրի