Այսօր ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մեկնարկել են մարտավարական զորավարժություններ և կշարունակվեն մինչև նոյեմբերի 10-ը:
Տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառման նպատակն է կատարելագործել ընդգրկված ուժերի և միջոցների մարտական ներդաշնակության մակարդակը, ստուգել զորամասերի մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունն ու նոր հաստիքապաշտոնային կառուցվածքի պայմաններում զորքերի մարտական կիրառման արդյունավետությունը:
Չորս փուլով անցկացվող զորախաղերի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի հրամանատարների և կառավարման մարմինների գործնական ունակությունների բարձրացման և ժամանակակից մարտում ստորաբաժանումների, զորատեսակների ու ծառայությունների միջև նպատակային փոխգործողության իրականացման վրա: Ավարտական փուլում կխաղարկվի «Մխրճված հակառակորդի ջախջախումը, առաջնագծի վերականգնումը, հարձակման զարգացումը և բարենպաստ բնագծերի գրավումը» թեմայով մարտական հրաձգությամբ զորավարժություն:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն