ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ո՞ր դեպքում կարող է հաշմանդամ անձը դիմել վերափորձաքննության անցնելու համար: Եվ ցանկանում եմ տեղեկանալ` անժամկետ հաշմանդամություն ո՞ր դեպքում է տրվում, ի՞նչ է անհրաժեշտ անժամկետ հաշմանդամություն ձեռք բերելու համար:
Արփինե Հարությունյան (59 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, նրա առողջական վիճակը վատթարանալու, նրա բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու դեպքերում, ինչպես նաեւ նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ:
Միաժամանակ հայտնում ենք, որ հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ`
ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,
բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքում, որը հետեւանք է անդառնալի կառուցվածքային փոփոխություններով եւ օրգանիզմի օրգանների եւ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման,
գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն արտոնություններ. 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամներն ու հաշմանդամ երեխաներն ունեն անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները` 50 տոկոս զեղչով դեղորայք ստանալու արտոնություն: Նշենք, որ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներն ունեն քաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթեւեկելու արտոնություն:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: