Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Արցախում էր. նա հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, եղել առաջնագծում, նաեւ ավելի ուշ Ստեփանակերտում անցկացվել է խորհրդակցություն Արցախի ղեկավարության ու պաշտպանական բանակի հրամանատարական կազմի մասնակցությամբ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացմանը, Հայաստանի եւ Արցախի ռազմական փոխգործակցությանը, սահմանագծում տիրող իրավիճակին, երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ այս ուղղություններով համագործակցությանը վերաբերող հարցեր:
Մեծ հաշվով Փաշինյանի` Արցախ այցի մեջ որեւէ արտառոց բան չկա. Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո` մայիսի 9-ին, առաջին աշխատանքային այցը կատարեց հենց Ստեփանակերտ, որտեղ եւ խոսել էր ԼՂՀ-ն բանակցային սեղան վերադարձնելու մասին: Բացի այդ, նա հաճախ է մեկնում Արցախի մայրաքաղաք, հանդիպումներ ունենում այնտեղի ղեկավար կազմի հետ: Այս այցը եւս կարելի է համարել հերթականներից մեկը:
Բայց մյուս կողմից` նկատենք, որ Փաշինյանի այս այցը հաջորդեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցի հետ: Մի հանգամանք, որը հազիվ թե պատահական լինի: Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ Ստեփանակերտ այցը կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակի հետ: Ու որքան էլ այս պահին դեռ ԼՂ խնդրով միայն ԱԳ նախարարների հերթական հանդիպումն է ծրագրավորվում, Փաշինյան-Ալիեւ ձեւաչափով հանդիպում դեռ չի նախատեսվել, քանի որ բոլորը սպասում են ՀՀ-ում ներքաղաքական հարցերի կարգավորմանը` ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանն ու իշխանության ձեւավորմանը, միեւնույն է, միջազգային հանրությունը փորձում է այդ ժամանակն օգտագործել հօգուտ հարցի առաջ մղման, հատկապես, երբ հայաստանյան ընտրությունների արդյունքները կանխատեսելի են:
Ի դեպ, տարածաշրջանային այցից հետո ԵԱՀԿ ՄԽ Համանախագահներն իրենց հայտարարության մեջ կրկին բարձրաձայնել են ԼՂ խնդիրը կարգավորելու անհրաժեշտության մասին: Ըստ հայտարարության. «Համանախագահները ողջունել են այս զարգացումները, ողջունել կողմերին կառուցողական քայլեր իրականացնելու համար եւ իրենց աջակցությունը հայտնել առաջնորդների պատրաստակամությանը շարունակելու իրենց երկխոսությունը»: Միաժամանակ Մինսկի խմբի համանախագահները ընդգծել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հարցում վստահության մթնոլորտը պահպանելու կարեւորությունը: