Հայաստանը հայտնվել է բավական անհարմար իրավիճակում: Նոյեմբերի 5-ից ուժի մեջ են մտել Իրանի նկատմամբ պատժամիջոցները: ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որ վերջերս այցելել էր մեր տարածաշրջան, հայտարարել է, թե չեն բավարարվելու միայն վերականգնելով նախկին նախագահ Բարաք Օբամայի ժամանակ՝ 2015-ին գոյություն ունեցող պատժամիջոցների մակարդակը, այլ պատրաստվում են ավելի խստացնել դրանք:
Պատժամիջոցների թիրախում Իրանի նավթի արտահանումն է, բանկային համակարգն ու տրանսպորտային հաղորդակցությունը: Իսկ պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել է, որ բացառությունը վերաբերում է 8 երկրների՝ Չինաստան, Հնդկաստան, Իտալիա, Հունաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա, Թուրքիա եւ Թայվան:
Բնականաբար, այս հարցը քննարկման առարկա է դարձել նաեւ ՌԴ-ում: Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: ITAR-TASS գործակալության տվյալներով` օրակարգային հիմնական թեմաները եղել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաջիկա գագաթաժողովը եւ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումը:
«Խորհրդակցության մասնակիցները ընդգծել են այդ պատժամիջոցների անօրինական բնույթը», – փոխանցել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ակնհայտ է, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը կքննարկվի նաեւ ՀԱՊԿ նոյեմբերի 7-8 գագաթնաժողովին: Այս առումով, թերեւս, ամենաանհարմար իրավիճակում ՀՀ-ն է, որ պետք է իր դիրքորոշումը ներկայացնի Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Սա բավական դժվար իրավիճակ է` հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը:
Իրանը Հայաստանի սահմանակից պետություններից է, ընդ որում` ՀՀ-ն չորս հարեւաններից միայն երկուսի՝ Իրանի եւ Վրաստանի հետ ունի բարիդրացիական լուրջ հարաբերություններ: Քանի որ ենթադրվում է՝ ՌԴ-ն սատարելու է Իրանին, հեշտ է այս հարցում պաշտոնական Մոսկվայի հետ ընդհանուր լեզու գտնելը: Մյուս կողմից` հայ-ամերիկյան հարաբերությունները թավշյա հեղափոխությունից հետո առավել քան լավ իրավիճակում են:
Պատահական չէ, որ ԱՄՆ-ն, որ նախորդ տարիներին նվազեցրել էր ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը, նախատեսել է 2019թ. բյուջեում այդ գումարներն ավելացնել՝ կապված հայաստանյան ներքաղաքական փոփոխությունների հետ: Այնպես որ, այստեղ իսկապես պետք է հավասարակշռված մոտեցում: Երեկ ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն ԱԺ-ում անդրադարձել է այդ հարցին` նշելով. «Փոխգործակցությունը Իրանի հետ չենք իրականացնում ԱՄՆ-ի հետ մեր գործընկերության հաշվին»: