Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է նախապատրաստվել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ հաստատել է առաջիկայում սպասվող միջոցառումների ցանկը: Ըստ այդմ, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին եւ կավարտվի դեկտեմբերի 7-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ներկայացրել է նաեւ Ընտրողների ընդհանուր թիվը եւ դրանց ներկայացվածությունը ըստ ընտրատարածքների: Եվ այս առումով համեմատելով ընդամենը նախորդ տարի տեղի ունեցած հերթական ընտրությունների հետ` հետաքրքիր պատկերի ենք ականատես լինում:
Նախ նշենք, որ 2017 թվականին ընտրողների ընդհանուր թիվը կազմում էր 2 մլն 588 հազար 468 մարդ, որից ընտրություններին մասնակցել էր 1 մլն 575 հազար 786 մարդ: Այս տարվա տվյալների համաձայն` ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 մլն 574 916 մարդ: Այսինքն` նախորդ տարվա համեմատ` ընտրողների թիվը նվազել է 13 հազար 552 ընտրողով: Սա, թերեւս, պատահական չէ. ի վերջո, իշխանություններն իրապես ձեռնամուխ են եղել ընտրացուցակները մաքրելուն, այդ թվում ցուցակներից մահացած մարդկանց անունները հեռացնելուն:
Դեռեւս Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ Ոստիկանության կողմից իրականացվել էր ընտրողների ցուցակների մաքրման գործընթաց եւ արձանագրվել էին բազմաթիվ անճշտություններ: Այս անգամ եւս նման աշխատանքներ կատարվել են, եւ փաստացի ունեցել ենք ընտրողների թվաքանակի նվազում: Հետաքրքիր է, թե որ ընտրատարածքում ինչ փոփոխություններ են եղել:
Թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, առկա է 200 հազար 112 ընտրող: 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ թիվը կազմել է 200 հազար 217 ընտրող, որից ընտրություններին մասնակցել էր 60.69 տոկոսը` 121.516 մարդ: Փաստացի այս ընտրատարածքում ընտրողների թիվը նվազել է 105-ով:
Թիվ 2 ընտրատարածքում, որն ընգրկում է Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանները, 2017 թվականին ընտրողների թիվը կազմել է 212 հազար 523 մարդ, որից ընտրություններին մասնակցել էր 59.51 տոկոսը` 126.471 մարդ: Իսկ ահա այս տարի ընտրողների թիվը կազմում է 213 հազար 628 մարդ: Ստացվում է` ընտրողների թիվն այս ընտրատարածքում ավելացել է 1105 ընտրողով:
Թիվ 3 ընտրատարածքն ընդգրկում է Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջանները եւ այստեղ եւս ընտրողների թվաքանակի աճ ունենք: Մասնավորապես, 2017 թվականին այդ թիվը կազմել է 224 հազար 322 մարդ, իսկ այս տարի կազմում է 225 հազար 223 մարդ:
Ստացվում է` այս ընտրատարածքում ընտրողների թիվն ավելացել է 901-ով:
Թիվ 4 ընտրատարածքում եւս ընտրողների թվաքանակի աճ ունենք: Նախ նշենք, որ այս ընտրատարածքն ընդգրկում է Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանները, եւ 2017 թվականին ընտրողների թիվը կազմում էր 208 հազար 742 մարդ, իսկ այս տարի կազմում է 209 հազար 35 մարդ: Այս ընտրատարածքում ընտրողների թիվն ավելացել է 293-ով:
Թիվ 5 ընտրատարածքում (Արարատի մարզ) եւս ընտրողների թվաքանակի աճ ունենք: Նախորդ տարվա համեմատ` այն ավելացել է 150 ընտրողով: 2017 թվականին այդ թիվը կազմում էր 221.505, իսկ այս տարի` 221 հազար 655 ընտրող:
Թիվ 6 ընտրատարածքում (Արմավիրի մարզ) եւս ունենք ընտրողների ցուցանիշի աճ: 2017 թվականին ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 232.010 ընտրող, իսկ այս տարի կազմում է 233 հազար 632 ընտրող: Այսինքն` նրանց թիվն ավելացել է 1622 ընտրողով:
Թիվ 7 ընտրատարածքն ընդգրկում է Արագածոտնի մարզը, եւ այստեղ ընտրողների թիվն ավելացել է 720-ով: 2017 թվականին այդ թիվը կազմում էր 116 հազար 814 ընտրող, իսկ այս տարի կազմում է 117 հազար 534 ընտրող:
Իսկ ահա թիվ 8 ընտրատարածքն ընդգրկող Գեղարքունիքի մարզում ընտրողների թվի նվազում ունենք: Այստեղ 2017 թվականի համեմատ ընտրողների թիվը նվազել է 3626 մարդով: Նախորդ տարի այդ թիվը կազմում էր 191 հազար 671 ընտրող, իսկ այս տարի` 188 հազար 45 ընտրող:
Լոռու մարզում, որը թիվ 9 ընտրատարածքն է, կրկին ընտրողների թվի նվազում է առկա: 2017 թվականին առկա է եղել 238 հազար 421 ընտրող, իսկ այս տարի այդ թիվը կազմում է 237 837 ընտրող: Ստացվում է` այս ընտրատարածքում նրանց թիվը նվազել է 584-ով:
Կոտայքի մարզում ընտրողների թվի աճ է առկա: Թիվ 10 ընտրատարածքն ընդգրկող մարզը 2017 թվականին ունեցել է 238 421 ընտրող, իսկ այս տարի ունի 239 847 ընտրող եւ ըստ այդմ` ընտրողների թիվն ավելացել է 1426 ընտրողով:
Թիվ 11 ընտրատարածքում (Շիրակի մարզ) առկա է ընտրողների թվի նվազում: 2018 թվականին այստեղ առկա է 229 հազար 542 ընտրող 2017 թվականի 230 հազար 701 ընտրողի փոխարեն: Ըստ այդմ` նրանց թիվը նվազել է 1159 ընտրողով:
Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում կրկին ընտրողները նվազել են: Թիվ 12 ընտրատարածքում 151 հազար 687 ընտրող է առկա 2017 թվականի 162 հազար 451 ընտրողի փոխարեն: Այսինքն` ընտրողների թիվը նվազել է 10 հազար 764-ով:
Եվ վերջին` Տավուշի մարզում կրկին ընտրողների թվի նվազում ունենք: Այս տարի նրանց թիվը կազմում է 107 հազար 139 ընտրող, իսկ 2017 թվականին եղել է 110 հազար 36 ընտրող: Այս ընտրատարածքում ընտրողների թիվը նվազել է 2897-ով:
Ստացվում է` ամենաշատը ընտրողների թիվը նվազել է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում, այն ընտրատարածքներում, որտեղից նախկին իշխանությունները «որքան ուզում, այնքան խփում էին»:
Նաիրա Հովհաննիսյան