Եվրոպայի խորհրդում նշվեց Երևանի 2800-ամյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 7-ին Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նիստի շրջանակներում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և կոնգրեսի նախագահ Անդերս Կնապեն ԵԽ կենտրոնակայանում բացեցին Երևանի 2800-ամյակին նվիրված ցուցահանդեսը։

Ողջունելով ներկաներին՝ դեսպան Հովհաննիսյանը նշեց. «Անհնար է չսիրել Երևանը, նրա արտասովոր մթնոլորտը և այն ստեղծող մարդկանց, նրա դասական երաժշտության ու ջազ երեկոները՝ հայկական ճարտարապետության ժառանգության մոդեռն լուծումներով կառուցված ժամանակակից շինությունների հետ լիակատար ներդաշնակության մեջ։ Այսօրվա մեր փոքրիկ ցուցահանդեսն էլ Երևանի հանդեպ այդ սիրո դրսևորումներից մեկն է»։ Ամփոփելով խոսքը՝ Պարույր Հովհաննիսյանն աջակցություն հայտնեց ԵԽ կոնգրեսի նախաձեռնած բարեփոխումներին և շեշտեց, որ դա պետք է օրինակ ծառայի ԵԽ մյուս մարմինների համար։

Կոնգրեսի նախագահ Անդերս Կնապեն իր խոսքում նշեց, որ թեև Երևանը նշում է 2800-ամյակը, բայց հանդիսանում է երիտասարդ և աշխույժ քաղաք: Կոնգրեսի նախագահը հավելեց, որ մեծ հետաքրքրությամբ են հետևել Հայաստանում թավշյա հեղափոխությանը և միտված են զարգացնելու ՀՀ հետ սերտ համագործակցությունը:

Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց պաշտոնական ընդունելություն:

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում ՀՀ պատվիրակության կողմից։ Ներկա էին Եվրոպայի խորհրդում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, ԵԽ քարտուղարության պաշտոնյաներ, կոնգրեսի անդամներ։




Լրահոս