Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն քննարկում է Եվրոպայի խորհրդից ամբողջությամբ դուրս գալու հնարավորությունը։
Շուշիի 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի բացման ժամանակ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը քննարկում է ոչ միայն անդամակցության սառեցումը, այլև կազմակերպությունից լիովին դուրս գալը։
«Մենք միանշանակ քննարկում ենք այդ կառույցից դուրս գալու հնարավորությունը»,- ասել է նա։
Ալիևի խոսքով՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն դիմել է իրեն՝ խնդրելով չգնալ այդ քայլին և փորձել գտնել ստեղծված իրավիճակի լուծումը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ է 2001 թվականից, սակայն 2024 թվականին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (PACE) կասեցրել էր ադրբեջանական պատվիրակության քվեարկության իրավունքը։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն կվերադառնա PACE միայն այն դեպքում, եթե վերականգնվեն իր պատվիրակության լիազորությունները։
«Մենք ոչ մի սխալ քայլ չենք կատարել։ Նրանք են անարդար որոշում կայացրել, ուստի պետք է վերանայեն այն և ընդունեն իրենց սխալը»,- ասել է Ալիևը։
Նա անդրադարձել է նաև Եվրամիության հետ հարաբերություններին՝ նշելով, որ վերջին շրջանում Բաքու են այցելել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ինչը, ըստ նրա, վկայում է Բրյուսելի և Բաքվի միջև ակտիվ շփումների մասին։
Խոսելով նաև Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման մասին՝ Ալիևը հույս է հայտնել, որ հակամարտությունը երկար չի շարունակվի և կոչ է արել կողմերին զսպվածություն ցուցաբերել ու կարգավորել հարաբերությունները միջազգային իրավունքի հիման վրա։
Անի Վարդանյան




























