Հայաստանում ապրող կենսաթոշակառուները հնարավորություն կունենան անվճար այցելելու պետական մշակութային հաստատություններ:
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը հուշագրի ստորագրմամբ ազդարարեցին երկու գերատեսչությունների կողմից իրականացվելիք համատեղ ծրագրի մեկնարկը: Մակունցի խոսքով` տարեկան 2000 կենսաթոշակառու հնարավորություն կունենա օգտվել այս ծրագրից: «Ծրագրին մեր կենսաթոշակառուները կարող են մասնակցել նոյեմբերի 10-ից: Պետբյուջեից հավելյալ միջոցներ ծրագրի իրականացման համար չեն ծախսվելու»,-նշեց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ առաջիկայում եթե լինեն առաջարկներ մասնավոր մշակութային հաստատություններից, սիրով կընդունեն: Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ տոմսի վրա գրված է լինելու, որ այն վաճառքի ենթակա չէ, իսկ կենսաթոշակառուն այն չի կարողանա փոխանցել իր հարազատին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն էլ իր հերթին նշեց, որ տոմսերը հավասարապես բաշխվելու են: Մշակութային միջոցառման մասին կենսաթոշակառուն կիմանա երեք օր առաջ` զանգով: «Մեր նախարարության առաջնահերթություններից մեկը ներառականության ապահովումն է: Մենք փորձում ենք ամեն ինչ անել մեր կենսաթոշակառուների կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար»,-ասաց նա: Նա նշեց, որ, հնարավոր է, առաջիկայում ծրագրում ներառվեն նաև նպաստառու երեխաներն ու զբաղվածության խնդիր ունեցող երիտասարդները:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: