ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարար տվյալներ են ձեռք բերվել` քրեական հեղինակություն համարվող անձի սպանության նախապատրաստության վերաբերյալ, մեկ անձ ձերբակալվել է։
Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2017 թվականին մի խումբ անձանց կողմից նախապատրաստվել է Վանաձորի բնակիչ, քրեական հեղինակություն համարվող անձի սպանությունը, որն իրականացնելու համար Հայաստան է հրավիրվել նաև դիպուկահար, ով, լինելով ՀՀ քաղաքացի, վերջին տարիներին բնակվել է արտերկրում։ Վերջինս Հայաստան է ժամանել 2017 թվականի ապրիլի 19-ին և մի քանի օր նախ մնացել է օդանավակայանին հարակից հյուրատներից մեկում, ապա՝ հանցակցի հետ ապրիլի 24-ին տեղափոխվել Վանաձոր, որտեղ բնակվել են նախապես վարձակալված բնակարանում։
2017 թվականի ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը վարձակալված բնակարանում հայտնաբերվել է դիպուկահարի դին՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով:
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ սպանվածի դին Վանաձորից Երևան է տեղափոխվել նրա հանցակցի կողմից՝ սպանության, ինչպես նաև քրեական հեղինակության սպանության նախապատրաստության հետքերը թաքցնելու նպատակով։
Մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Հայաստան ժամանելու նպատակով դիպուկահարին գումար ուղարկած, ինքնաթիռի տոմս գնած, նրան օդանավակայանում դիմավորած և նշված հյուրատուն տեղափոխած անձի ինքնությունը, ով, ըստ քննության տվյալների, մի խումբ անձանց հետ միասին առաջարկել է նրան իրականացնել քրեական հեղինակության սպանությունը։ Բացի այդ, բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ սպանությունն իրականացնելու համար ձեռք է բերվել օպտիկական հրազեն։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեկ անձ ձերբակալվել է սպանության նախապատրաստության կասկածանքով։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դիպուկահարի սպանության բոլոր հանգամանքները, քրեական հեղինակության սպանության նախապատրաստությանն առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։