14 երեխա ունեցող ընտանիքին 10 տարի ժամկետով անհատույց բնակարան տրամադրվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդավական փողոցի շենքերից մեկի 34.6 քմ մակերեսով բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով, 10 տարի ժամկետով կտրամադրվի Վիրաբ Շաբոյանի 15 անձից բաղկացած ընտանիքին:

Այս մասին որոշում է կայացվել Երևանի ավագանու հերթական նիստում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը, ներկայացնելով որոշման նախագիծն՝ ասաց, որ քաղաքացի Վիրաբ Շաբոյանը, կնոջ՝ Աննա Ասլանյանի և տասներեք երեխաների հետ բնակվել են այլ հասցեում վարձակալական հիմունքներով, սակայն 2017 թվականից բնակարանի համար վարձակալության վճար կատարելու հնարավորության բացակայությամբ պայմանավորված՝ բնակություն են հաստատել Մոլդավական փողոցի հ.29/4 շենքի պետական սեփականություն հանդիսացող բնակության համար չնախատեսված նկուղային տարածքում:

«Քաղաքացի Վիրաբ Շաբոյանը հանդիսանում է 1990-1993 թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանների և Արցախի պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակից»,- ասաց նա:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ խնդիրները շատ են, և բնակարանների պահանջարկը շատ մեծ է: «Մենք ստացել ենք ժառանգություն այն, ինչ ունենք: Պետք է արդար մեխանիզմ մշակվի և ընկալելի ու ընդունելի լինի հանրության համար: Մենք մշակում ենք մեխանիզմներ, որ մասնավորների հետ համագործակցության առումով ունենանք ավելի մեծ բնակարանային ֆոնդ»,-ասաց նա:

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն էլ հավելեց, որ կան այժմեական խնդիրներ, որոնք պետք է լուծել այսօր: «Բնակելի ֆոնդը քաղաքականություն է, ոչ միայն սոցիալական, այլև քաղաքական խնդիր է»,-ասաց նա՝ ընդգծելով, թե բնակիչներին բնակելի ֆոնդով ապահովելու միակ ճանապարհն այն է, որ մենք մեր շինարարական, ճարտարապետական մտածողությունը մոտեցնենք գոնե 20-րդ դարի վերջին:




Լրահոս