Կլինի կոշտ դիրքորոշում, կա հստակ հանձնարարություն. քաղաքապետի տեղակալը` դպրոցներում քարոզչության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀԿ իշխանության ժամանակ կրթական համակարգն անխնա օգտագործվել է քաղաքական գործընթացներում ընտրությունների ժամանակ: Դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններին հրահանգված է եղել աշխատել իշխանությունների օգտին եւ ձայներ հավաքել նրանց համար:

Ըստ էության, Երեւանի նոր ձեւավորված ավագանու անդամները, քաղաքապետը, տեղակալները ամեն բան պետք է անեն անցյալի վատ օրինակների կրկնությունը բացառելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի մասին զրուցել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի հետ:

-Պարո՛ն Վիրաբյան, «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրվելո՞ւ եք որպես պատգամավորի թեկնածու:

-Ոչ, չեմ առաջադրվելու:

-Որո՞նք են այն առանցքային ոլորտները, որտեղ աշխատանքներ եք իրականացնելու:

-Կրթություն, արվեստ, երեխաների իրավուքների պաշտպանություն եւ սպորտ:

-Ինչպես հայտնի է, Երեւանի շատ դպրոցների տնօրեններ, մանկապարտեզի տնօրեններ ժամանակին ՀՀԿ-ի համար ձայներ են ապահովել: Հիշում եք ԱԺ ընտրությունների ժամանակ հրապարակված ձայնագրությունները, որտեղ նրանք խոստովանել էին իշխող կուսակցության օգտին աշխատելու մասին: Հիմա ի՞նչ պետք է անել, որ այդ վատ ավադույթը չկրկնվի:

-Քաղաքապետի կողմից կա հստակ հանձնարարություն. ենթակա բոլոր կառույցները պետք է գործեն միայն օրենքի շրջանակներում եւ պետք է միայն կատարեն օրենքով իրենց լիազորված պարտականությունները: Ցանկացած մարդ, ով իր գործառույթներից դուրս զբաղվի օրենքի սահմանափակող այլ գործառույթներով, կպատժվի ողջ խստությամբ:

-Այնուամենայնիվ, մտավախություն չկա՞, որ այդ վատ ավադույթից մնացորդներ դեռ մնացած կլինեն:

-Բոլոր կողմերից կան մտավախություններ, բայց նաեւ կա կամք լրջագույն փոփոխություններ անելու եւ այդ լրջագույն փոփոխությունների հանձնարարականները տված են եւ դրանք իրագործվում են:

-ՀՀԿ-ի օգտին աշխատած դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենները, ի վերջո, հեռացվելո՞ւ են աշխատանքից: Խոսքը հատկապես վերաբերում է նրանց, որոնք ՀՀԿ-ի հետ կապված սկանդալային ձայնագրությունների կենտրոնում էին:

-Տեսեք, վարչական շրջանների ղեկավարների, կրթության վարչության պետի, տեղի հանրակրթության ներկայացուցչի մասնակցությամբ հրավիրվել են խորհրդակցություններ վարչական շրջաններում, տրվել են հստակ հանձնարարականներ եւ տրվել է այն հստակ ուղենիշը, որով պետք է նրանք աշխատեն: Ցանկացած մարդ, որը առաջարկված կանոններից կշեղվի, այդ մարդու հանդեպ կլինի համապատասխան, աշխատանքային օրենսգրքի շրջանակներում մեր կոշտ դիրքորոշումը:

– Արդեն վերահսկողություն իրականացվո՞ւմ է:

-Մենք, այնուամենայնիվ, մշակված օրակարգով վարչական շրջաններում իրականացրել ենք հանդիպումներ եւ այդ օրակարգում ներկայացրել ենք մեր բոլոր դիրքորոշումները այն բոլոր կնճռոտ հարցերի շուրջ, որոնք կան:

Լուսինե Մինասյան




Լրահոս